211652_close_icon
views-count4540 դիտում article-date 10:27 17-04-2026

Երևանում պարեկների հետապնդումը բարի ավարտ է ունեցել. նրանց և «Ուիգմոր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ ծննդկանը րոպեներ անց լույս աշխարհ է բերել տղա երեխա. 4-րդ երեխան ունեցած ծնողները շնորհակալություն էին հայտնում պարեկներին և բժիշկներին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հակոբ Կարապետյանն ու Ժորա Հովհաննիսյանը Թբիլիսյան խճուղում՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ ծառայություն կատարելիս նկատում են, որ Prado մակնիշի ավտոմեքենան 2 անգամ անցավ կարմիր լույսի տակով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ձայնային ազդանշանով հորդորում են վարորդին կանգնել։

Տեղում արդեն վարորդը պարեկներին տեղեկացնում է, որ կինը ուժեղ ցավեր ունի, ծննդաբերում է, ինչից հետո տեղում գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի հանձնարարականով պարեկները ավտոմեքենան ուղեկցում են «Ուիգմոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում և րոպեներ անց կինը տղա երեխա է ունենում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ամուսինները Գեղարքունիքի մարզի քաղաքներից մեկի բնակիչներ են և լույս աշխարհ է եկել նրանց 4-րդ երեխան։ Նրանք ունեն 16 և 17 տարեկան աղջիկներ, 9 տարեկան տղա։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ամուսինը՝ 43-ամյա Դավիթը, իր և կնոջ՝ 39-ամյա Անահիտի անունից շնորհակալությունն էր հայտնում պարեկներին, «Ուիգմոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին՝ ասելով, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել։ Մի քանի օր մայրը նորածնի հետ կմնա բժիշկների հսկողության տակ։

Իսկ բժիշկներն էլ նշում էին, որ եթե մի քանի րոպե ծննդկանը ուշ հասներ հիվանդանոց, հնարավոր է թե՛ նրա, թե՛ նորածնի համար ծննդաբերությունը լուրջ բարդություններ առաջացներ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից