211652_close_icon
views-count28124 դիտում article-date 12:36 17-04-2026

ՀՐԱՏԱՊ. Շրջակա միջավայրի նախարարի, Ջրային կոմիտեի նախագահի, Կոտայքի մարզպետի և «Վեոլիա ջրի» ոչ սրտացավ աշխատանքը ոչնչացնում է մի ամբողջ բնություն. մի քանի կմ ողողվել է կեղտաջրով. կա համաճարակի վտանգ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն 3 ամիս է՝ Կոտայքի մարզի Զովունի և Եղվարդ բնակավայրերի տարածքում՝ դաշտամիջյան և ձորի հատվածներում, տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։ Պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նախարար Համբարձում Մաթևոսյանի, Ջրային կոմիտեն՝ նախագահ Արամազդ Ղալամքարյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, Զովունիի վարչական ղեկավար Արտաշես Ղարիբյանի և «Վեոլիա ջուր» ընկերության անպատասխանատու ու ոչ հետևողական աշխատանքի պատճառով մի քանի հեկտար տարածություն կարծես թե բռնել է ոչնչացման ճանապարհը։

Այսօր՝ ապրիլի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«Փետրվար ամսից զանգահարես «Վեոլիա ջուր», զանգահարես Ջրային կոմիտե, Եղվարդի քաղաքապետարան ու ոչ մի միջոց չձեռնարկեն բնությունը կործանումից փրկելու ուղղությամբ։ Հիմա որ ասենք՝ ձեր արածը ոտնձգություն է բնության նկատմամբ, կասեք՝ ասացին։ Բա էլ ուրիշ ի՞նչ անուն տանք։ Ասում եք՝ առաջիկայում պատրաստվում ենք ընտրությունների։ Ժողովուրդը ոնց նորից վստահի ձեզ, ինչ հավատով ձեզ քվե տա։ Հենց ձեր նմաններն են, որ վարկաբեկում են վարչապետին ու ձեր նմաններն են, որ արհամարհած ունեն մեր հազարից ավելի հեռախոսազանգերը։

Հիմա չգիտենք ինչ է լինելու վերջը։ Խոշոր եղջերավոր անասուններին ու ոչխարներին առաջ բերում էինք էստեղ, արածեցնում, հիմա չենք էլ համարձակվում։ Որտե՞ղ տանենք հիմա։ Էս տարածքն առաջ էնքան մաքուր էր, որ խոտի հոտը անասուններին գերում էր, իսկ հիմա եկեք ու ձեր սեփական աչքերով տեսեք ու զմայլվեք, թե ձեր փնթի աշխատանքը ոնց է կործանում մի ամբողջ բնություն։

Դիմում ենք նաև բնապահպան ընկերություններին՝ խնդրելով, որպեսզի իրենք էլ միջամտեն ու իրենց ձայնը բարձրացնեն էս վայ չինովնիկների դեմ, պարտավորեցնեն, որպեսզի աշխատեն նրանք, այլ ոչ թե կաբինետներում նստած իրենց թափանները լցնեն։ 

Կեղտաջուրը արդեն 7 կիլոմետրից ավել հոսում է ու արդեն հասել է Զովունի - Եղվարդ ավտոճանապարհի գլխավոր հատվածին ու դրա պատասխանատուն դուք եք, հարգելի՛ չինովնիկներ։ Գոնե քանի ուշ չէ, արագ լուծեք խնդիրը և բնությունը գոնե կփրկվի ոչնչացումից։ էլ չենք ասում, որ օրերը տաքանալուց հետո չի բացառվում նաև համաճարակի բռնկումը»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր