Էկվադորի դատարանը մերժել է Ասանժի հայցն Էկվադորի դեմ. El Comercio
Էկվադորի Պիչինչայի նահանգի դատարանը մերժել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի հայցն Էկվադոր պետության դեմ: Այս մասին հայտնել է El Comercio թերթը:
Թերթի տվյալներով՝ դատարանը հայցվորի փաստարկները համարել է ոչ իրավական:
Նշենք, որ Ասանժը ձգտում էր հասնել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը մնալու կանոնների վերացման, որոնք կազմել են հարավամերիկյան երկրի իշխանությունները:
Ըստ այդ կանոնակարգի՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեսնվել WikiLeaks-ի հիմնադրի հետ, այդ թվում՝ նրա պաշտպանության ներկայացուցիչների, պարտավոր են հայտնել սոցցանցերում իրենց օգտահաշիվների տվյալները, սմարթֆոնների և պլանշետների սերիական համարները: Բացի այդ, հարավամերիկյան հանրապետության կառավարությունն իրեն իրավունք է վերապահել «հրապարակել այդ տեղեկատվությունը»:
Իր հերթին, Ասանժը հայտարարել է, որ նախագահ Լենին Մորենոն որոշել է իրեն զրկել ապաստանից, բայց առայժմ չի հասցրել համապատասխան կարգադրություն անել։