211652_close_icon
views-count2665 դիտում article-date 13:10 30-10-2018

Հայկ Մարությանը Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Դավթաշեն վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Թումասյանին: Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ թիմը պարտավոր է գործել այնպես, որպեսզի բնակիչները ոչ միայն չդժգոհեն, այլև իրենց գոհունակությունը հայտնեն կատարված աշխատանքի համար: Անդրադառնալով ապօրինի շինարարությանը` քաղաքապետ Հայկ Մարությանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ այդ ոլորտում ցանկալի արդյունքի հասնելու համար մեծ աշխատանք պետք է տարվի: «Այսուհետ մենք ընդհանրապես թույլ չենք տալու որևէ ապօրինի շինարարություն: Սա չի նշանակում, որ քաղաքը չի զարգանալու, սա չի նշանակում, որ քաղաքն առաջ չի գնալու: Ծավալվելու է նոր շինարարություն, բայց այն անխտիր պետք է համապատասխանի կոնկրետ նորմերին և լինի օրինական»,- նշել է Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին և աշխատակիցներին՝ վարչական շրջանում կատարած աշխատանքի համար, և համոզմունք հայտնել, որ աշխատակազմի աջակցությամբ առաջիկա տարիներին ևս հետզհետե լուծումներ կտրվեն բնակիչների կողմից վեր հանված խնդիրներին: «Մենք բոլորս ծառայում ենք այն նպատակներին, որոնք դրված են մեր առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Կանցնի հինգ տարի, կգա ուրիշ թիմ, մենք նույնպես ղեկավարումը կհանձնենք իրենց, իսկ սա նշանակում է, որ ամեն մեկս մեր ընկած ժամանակահատվածում պետք է առավելագույնը անենք, որպեսզի քաղաքը զարգանա, որպեսզի քաղաքը գնա առաջ, սա է մեր նպատակը»,- նշել է Հայկ Մարությանն ու շնորհավորելով Միքայել Թումասյանին՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել է հաջողություններ աշխատանքում:

Նմանատիպ նյութեր