211652_close_icon
views-count12988 դիտում article-date 14:38 05-07-2017

Մեկնարկում է «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը. 9 համերգների ընթացքում ելույթ կունենան հանրահայտ երաժիշտներ, նվագախմբեր

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ` ս. թ. հուլիսի 4-12-ը Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը: Մրցույթին մասնակցելու հնարավորություն կստանան մինչև 34 տարեկան դաշնակահարներ: Առաջին անգամ Հայաստանում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը 20 000 եվրո է (առաջին մրցանակ՝ 10 000 եվրո, երկրորդ մրցանակ՝ 5 000 եվրո, երրորդ մրցանակ՝ 3 000 եվրո և հատուկ մրցանակ՝ 2 000 եվրո): Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են հայտնի 5 երաժիշտ-կատարողներ աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթը բաղկացած է երկու փուլերից: Լավագույն 5 դաշնակահարները բացառիկ հնարավորություն կստանան 2018 թվականին մասնակցելու Մալթայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթին՝ Malta International Music Festival 2018-ի շրջանակում: Նշենք, որ «Արմենիա» միջազգային առաջին փառատոնի ընթացքում համերգներով հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի փոխանցմամբ՝ սա այն եզակի դեպքերից է, երբ դասական երաժշտությունը համախմբում է Հայաստանում գործող լավագույն կոլեկտիվներին և աշխարհահռչակ մենակատարների: Փառատոնային 9 համերգների ընթացքում ելույթ կունենան հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահարներ Նարե Արղամանյանն ու Լիլիթ Գրիգորյանը, ջութակահարներ Ռոման Կիմը և Ֆյոդոր Ռուդինը և այլք: Փառատոնի գալա համերգին՝ հուլիսի 12-ին, հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, որի մասնակցությունն այս նախագծին ինքնին մեծ հաջողություն է: Նշենք, որ մրցույթ-փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարարության աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր