211652_close_icon
views-count1839 դիտում article-date 18:48 20-10-2015

Երևանում ընթացող երաժշտական փառատոնի շրջանակներում ելույթ կունենան աշխարհում հայտնի հայ երաժիշտներ

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված կամերային համերգի ընթացքում հանդես կգան մեծահամբավ երաժիշտներ Զոհրաբ Թադևոսյանը (ջութակ/Հայաստան/Իսպանիա) և Սոֆյա Մելիքյանը (դաշնամուր/ԱՄՆ)։ Կհնչեն Ֆրանց Շուբերտի (Սոնատ ջութակի և դաշնամուրի համար լյա մաժոր, Ֆանտազիա ջութակի և դաշնամուրի համար դո մաժոր), Ռիխարդ Շտրաուսի (Սոնատ ջութակի և դաշնամուրի համար մի բեմոլ մաժոր) ստեղծագործությունները։ Զոհրաբ Թադևոսյան՝ ջութակահար և մանկավարժ։ Սկսել է ջութակ ուսումնասիրել 6 տարեկանում իր առաջին ուսուցիչ Լևոն Զորյանի ղեկավարությամբ։ 13 տարեկանից սովորել է իր հորեղբոր՝ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի մոտ։ Կարիերայում զգալի հաջողությունների հասնելուց հետո՝ 2002-ին, մեկնել է Մադրիդ՝ ուսանելու Թագուհի Սոֆյայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցում՝ Զախար Բրոնի ղեկավարությամբ։ 2003-ից Մադրիդի թագավորական օպերայի նվագախմբի անդամ է։ Իր ժամանակի մեծ մասը Զ. Թադևոսյանը տրամադրում է մանկավարժությանը, հաջողությամբ համատեղում է մենակատարի և կամերային երաժշտի կարիերան։ Թադևոսյանը պարբերաբար հրավիրվում է խոշոր փառատոների և վարպետության դասերի։ Հանդիսանում է Santander փառատոնի հրավիրյալ երաժիշտ։ 2010 թվականից Թադևոսյանը Թագուհի Սոֆյայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի դոցենտ է՝ աշխարհահռչակ ջութակահար, մանկավարժ, պրոֆեսոր Աննա Չումաշենկոյի հետ համատեղ։ Բացի այդ, 2013թ.-ից նա Կատարինա Գուրսկայի անվան Երաժշտական կրթության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր է։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից և անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Նմանատիպ նյութեր