211652_close_icon
views-count2036 դիտում article-date 18:17 23-06-2017

ՀՀ ԱԻՆ-ը և Ճապոնայի միջազգային համագործակցության գործակալությունն ամփոփում են կատարված աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 23-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ ՀՀ սողանքային աղետի կառավարման ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի նիստ: 2014թ. օգոստոսից Ճապոնայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) և ՀՀ ԱԻՆ միջև սկսված Սողանքային աղետի կառավարում ծրագիրը մոտենում է ավարտին: Այդ առիթով՝ կողմերը հանդիպել էին ամփոփելու կատարված անելիքները և նախանշելու առաջիկայում սպասվող քայլերը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը անդրադարձավ ծրագրի արդյունքներին և ամփոփեց կատարված աշխատանքները՝ մասնավորապես նշելով. -Մեր համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն, որն այսօր արդեն շոշափելի արդյունքների է հասել: Այս ծրագիրը հիմք կհանդիսանա հետագայում մեր երկրում սողանքային աղետների կառավարման ծրագրերի զարգացմանը: Հուսով եմ, որ արդյունավետ համագործացությունը շարունակական բնույթ կունենա: Նիստի ընթացքում Ճապոնիայի փորձագիտական խմբի ղեկավար Քենջի Յանոյի կողմից ներկայացվեց ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները և գրանցված արդյունքները: ՀՀ Շիրակի մարզի Առափի, Տավուշի մարզի Գետահովիտ և Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքների սողանքավտանգ տեղամասերում տեղադրվել են սողանքային լանջերի վրա ակտիվացումներ գրանցող խորքային և մակերևույթային էլեկտրոնային տվիչներ: 2016-2017թթ. ընթացքում Առափի և Գետահովիտ համայնքում իրականացվել են հորատման աշխատանքներ, որի միջոցով հեռացվել են գրունտային ջրերը՝ գրանցելով սողանքային մարմինների կայունացում: Ճապոնական կողմը տրամադրել է հորիզոնական հորատման սարք, որը գործարկվել է, ինչպես նաև՝ ՔՊ գնդի կազմում գտնվող ինժեներական ստորաբաժանման անձնակազմի հետ անց են կացվել սարքի շահագործման դասընթացներ: Գեոքոմ ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Առաքելյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում մշակվել և ներդրվել է «Իրական ժամանակում սողանքի մոնիտորինգի համակարգ», որը իրենից ներկայացնում է սողանքների իրական ժամանակում ավտոմատացված մշտադիտարկման և հնարավոր աղետի մասին նախազգուշացման համակարգ: Համակարգին են միացված վերոնշյալ երեք տեղամասերում տեղադրված մշտադիտարկման սարքավորումները: ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Մ. Ղազարյանը և ՃՄՀԳ փորձագիտական խմբի ղեկավար Քենջի Յանոն ստորագրեցին Սողանքային աղետի կառավարման ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի հինգերորդ հանդիպման արձանագրությունը: Հանդիպման ավարտին Ճապոնայի միջազգային համագործակցության գործակալության փորձագիտական խմբի ղեկավար Քենջի Յանոն ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով պարգևատրվեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով՝ ՀՀ ԱԻՆ և ՃՄՀԳ հետ «Սողանքային աղետի կառավարում» ծրագրի արդյունավետ իրականացման, ինչպես նաև՝ Հայաստանում աղետների կանխարգելման գործում զգալի ավանդի համար: ՀՀ ԱԻՆ պատվոգրերի արժանացան ՃՄՀԳ թիմի փորձագետներ Տադաշի Կուդոն և Միչո Իսեկին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր