Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Ֆրիտյոֆ Նանսենի անվան դասասենյակի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Երևանի Պեյո Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը:
Դպրոցն ամեն տարի նշում է մշակույթի տոն և ձևավոևված ավանդույթի համաձայն՝ դասասենյակներից մեկը կոչում հայ ժողովրդի որևէ երախտավորի անունով՝ հայ կամ օտարերկրացի:
Այս տարի դպրոցում բացվել է նորվեգացի բևեռախույզ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի անվան աշխարհագրության դասասենյակը, որտեղ ցուցադրված են մեծ մարդասերի լուսանկարները, ճամփորդական գրառումներից հատվածները և ասույթները:
Գալուստ Սահակյանը նախասրահում ունկնդրել է դպրոցի երգչախմբի կատարումը, տնօրենի ուղեկցությամբ շրջել անվանակոչված դասասենյակներում, Պեյո Յավորովի թանգարանում, ապա մասնակցել Նանսենի անվան դասասենյակի բացմանը:
Այնուհետև ԱԺ նախագահը ներկա է գտնվել Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում աշակերտները ներկայացրել են մեծ մարդասերի կենսագրությունից և գործունեությունից հատվածներ, որոնք առնչվել են հայ ժողովրդի ճակատագրին, Հայ դատի արդարացի լուծմանը: