Քառորդ դարի ընթացքում Հայաստանի և Բուլղարիայի միջև գործընկերությունը շարունակական զարգացում է ապրել. ՀՀ ԱԳ նախարար
Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ փոխանակվեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դանիել Միտովի միջև:
Նախարարներն իրենց ուղերձներում ընդգծել են, որ ավանդական բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերություններն ամուր հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցության զարգացման համար:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ քառորդ դարի ընթացքում երկու երկրների միջև գործընկերությունը շարունակական զարգացում է ապրել՝ ընդգրկելով համագործակցության նոր՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներ: Երկու պետությունների միջև հաստատված ամուր համագործակցության մասին են վկայում բարձր մակարդակի փոխայցելությունները, իրավապայմանագրային լայն դաշտը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում առկա համագործակցությունը, միջկառավարական հանձնաժողովի պարբերական հանդիպումները:
Իր հերթին Բուլղարիայի ԱԳ նախարարը, առանձնահատուկ կարևորելով միջազգային կազմակերպությունների շրջանակներում հաստատված սերտ համագործակցությունը, ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորացումը և շրջանակային նոր համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռեն նաև երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար:
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Դանիել Միտովը վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կիրառել երկկողմ համագործակցության ամբողջ ներուժը և առավել ընդլայնել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները: