211652_close_icon
views-count2686 դիտում article-date 19:56 30-10-2026

Դանակահարություն՝ Սյունիքի մարզում․ Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 17-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Տաթև գյուղում դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով ժամը 05։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Արման Մ․-ն բուժօգնության է դիմել «Գորիս» բժշկական կենտրոն՝ «ձախ պարանոցային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սյունիքի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, Տաթև գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում Սյունիքի մարզի 52-ամյա Ռաշիդ Ա․-ն դանակով հարվածել է Արման Մ․-ի պարանոցին՝ պատճառելով առերևույթ ծանր մարմնական վնասվածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռաշիդ Ա․-ն նույն օրը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին։ Ոստիկանները միջոցներ են ձեռնարկում հանցագործության գործիք հանդիսացած դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր