211652_close_icon
views-count1804 դիտում article-date 15:20 30-10-2026

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. «Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բախվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում «Deepal» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մ2 հատվածում՝ «Զանգակատուն» բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, որից հետո քաղաքացիական «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նրանց տեղափոխել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լևոն Հարությունյանն ու Սերգեյ Սարգսյանը։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանը։

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Դավիթ Բաղդասարյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր