211652_close_icon
views-count2446 դիտում article-date 16:08 31-10-2026

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ Տերյան և Զորյան փողոցների խաչմերուկում բախվել են բուժառու տեղափոխող Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Հ․-ի վարած Վանաձորի շտապօգնության ավտոմեքենան և 60-ամյա Բադիկ Ս․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բուժառուն՝ Լոռու մարզի բնակիչ 85-ամյա Լեմաքս Վ․-ն մահացել է, իսկ շտապօգնության բուժքույրը՝ 33-ամյա Աղավնի Մ․-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության  ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարակով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից