211652_close_icon
views-count430 դիտում article-date 21:13 26-10-2026

Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի մինչև 15 տարեկան երեխաների՝ սոցիալական ցանցերից օգտվելու սահմանափակումը։ Նոր կարգավորման համաձայն՝ սոցիալական ցանցերում հաշիվ բացող օգտատերերի տարիքը կստուգվի էլեկտրոնային պետծառայությունների՝ e-Devlet համակարգի միջոցով, գրում է ermenihaber.am-ը:

Պաշտոնական տեղեկագրում հրապարակված կանոնակարգի համաձայն՝ սոցիալական հարթակները չեն կարողանա ծառայություններ մատուցել 15 տարին չլրացած անչափահասներին։ Տարիքային սահմանափակմանը չհամապատասխանող օգտատերերը չեն կարողանա նոր հաշիվներ բացել։

Նոր կանոններ կգործեն նաև 15-18 տարեկան օգտատերերի համար։ Նրանց հաշիվներում առաջնահերթություն կտրվի գաղտնիության կարգավորումներին, իսկ ուղիղ հեռարձակումների և անհատականացված գովազդի նման որոշ գործառույթներ կսահմանափակվեն։

Արդեն գործող հաշիվների տարիքային ստուգման համար նախատեսվել է անցումային ժամանակահատված՝ մինչև 2027 թ. մարտի 31-ը։ Եթե պարզվի, որ օգտատերը 15 տարեկանից փոքր է, նրա գործող հաշիվը նույնպես կարող է փակվել։

Միաժամանակ օգտատերերին զգուշացրել են հնարավոր խարդախությունների մասին՝ հորդորելով չվստահել հաշվի փակման կամ տարիքը շտապ հաստատելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններին և հղումներին։ Տարիքը հաստատելու համար խորհուրդ է տրվում օգտվել միայն turkiye.gov.tr պաշտոնական կայքից կամ e-Devlet-ի պաշտոնական բջջային հավելվածից՝ չփոխանցելով անձնական տվյալներն ու գաղտնաբառերը երրորդ անձանց։

Նմանատիպ նյութեր