211652_close_icon
views-count1585 դիտում article-date 14:23 31-10-2026

Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին

Հոկտեմբերի 17-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Վրաստանի Հանրապետության քաղաքացի 26-ամյա Մարիամ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորներից մեկը խնդրել է իրեն ալկոհոլային խմիչք տալ, սակայն ինքը մերժել է, քանի որ վերջինս արդեն իսկ ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուղեկցորդուհին ոստիկաններին հայտնել է, որ քիչ անց նա նկատել է, որ նշված ուղևորն օգտագործում է իր մոտ եղած ալկոհոլը։ Մոտենալով ուղևորին՝ վերցրել է ալկոհոլի տարան, ինչից հետո վերջինս սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել, նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, ապա ձեռքով դիպել է նրա ոտքին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ուղևորը Վրաստանի Հանրապետության քաղաքացի 42-ամյա Պատա Մ․-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարիամ Մ․-ն աշխատում է «Wizz Air» ավիաընկերությունում՝ որպես ուղեկցորդուհի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր