211652_close_icon
views-count44089 դիտում article-date 10:45 01-11-2026

Բլոգեր «Գեորգիքսը» և «Առաջին լրատվականի» լրագրող ներկայացած անձը կասկածվում են «Դիվա» գիշերային ակումբի տնօրինությունից շորթում կատարելու մեջ. նրանք պահանջել են գումար, հակառակ դեպքում սպառնացել են վարկաբեկել ակումբը, ինչը «Գեորգիքսը» կատարել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում «շորթում» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզային քրեական ոստիկանության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երկու քաղաքացի տարբեր օրերին Կոտայքի մարզում գործող «Դիվա» գիշերային ակումբի տնօրենի նկատմամբ փորձել են շորթում իրականացրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները պարզել են, որ այդ տարվա փետրվար ամսին նշված ակումբ է զանգահարել Արման Սարգսյան անվամբ մեկը և ներկայացել է, որ ինքը «Առաջին լրատվական» կայքի լրագրող է ու առաջարկել է 80 հազար դրամ գումարի դիմաց գովազդել գիշերային ակումբը, սակայն մերժում ստանալուց հետո սպառնացել է վատաբանել ու վարկաբեկել «Դիվա» ակումբի գործունեությունը 

Քրեական ոստիկանները պարզել են նաև, որ այս տարվա սեպտեմբերին նշված ակումբ է այցելել 21-ամյա Գեորգի Թարջումանյանի, ով հանրությանը հայտնի է բլոգեր «Գեորգիքս», և ցանկացել է հանդիպել ակումբի տնօրինության հետ՝ առաջարկելով 180 հազար դրամ գումարի դիմաց գովազդել ակումբը, ինչը տնօրինությունը մերժել է, ինչից հետո «Գեորգիքսը» սպառնացել է վարկաբեկել ակումբն ու անձնակազմին։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում «Գեորգիքսը» դարձյալ այցելել է «Դիվա» գիշերային ակումբ և պահանջել, որ իրեն անվճար ծառայություններ մատուցեն, ինչը դարձյալ մերժվել է, որից հետո վերջինը սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածել, որում վարկաբեկել է ակումբի տնօրինությանն ու աշխատակիցներին։

Տեսանյութեր հրապարակելուց հետո «Դիվա» ակումբ է զանգահարել «Առաջին լրատվական» կայքի լրագրող ներկայացած Ա․ Սարգսյանը և առաջարկել լավ տեղեկատվություն հրապարակել ակումբի մասին, ինչը սակայն ակումբի տնօրինությունը մերժել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները պարզել են, որ Գեորգի Թարջումանյանը հաշվառված է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, իսկ Ա․ Սարգսյանը հաշվառված է Երևան քաղաքում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 28-ին ՀՀ Քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ Իջևան քաղաքում հաշվառված 21-ամյա Գեորգի Թարջումանյանի՝  հանրությանը հայտնի բլոգեր «Գեորգիքս»-ի նկատմամբ։ 

Դատավոր Վահագն Մելիքյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժել էր քննիչի կողմից երկամսյա կալանքի միջնորդությունը, սակայն խափանման միջոց էր ընտրվել վարչական հսկողությունը։

Քիչ առաջ հրապարակման առթիվ SHAMSHYAN.com-ը պարզաբանում է ստացել «Առաջին լրատվական»-ից, որը ներկայացնում ենք ստորև․

«Նոյեմբերի 1-ին SHAMSHYAN.com կայքում հրապարակված տեղեկության առնչությամբ հարկ ենք համարում պաշտոնապես հայտարարել, որ նյութում «Առաջին լրատվականի» լրագրող ներկայացած Արման Սարգսյանը որևէ առնչություն չունի «Առաջին լրատվական»-ի հետ, չի հանդիսանում մեր խմբագրության աշխատակիցը և լիազորված չէ հանդես գալու մեր անունից։

Խստորեն դատապարտում ենք լրատվամիջոցի անունն օգտագործելով գումար պահանջելու, սպառնալիքներ հնչեցնելու կամ որևէ այլ անօրինական գործողություն իրականացնելու ցանկացած փորձ։ Նման գործելակերպը մեզ համար խիստ անընդունելի է և անհամատեղելի լրագրության մասնագիտական ու էթիկական սկզբունքների հետ։

«Առաջին լրատվականը» հետևողականորեն առաջնորդվում է խմբագրական անկախության, մասնագիտական պատասխանատվության և լրագրողական բարեվարքության սկզբունքներով։

Կոչ ենք անում լրատվամիջոցներին և իրավապահ մարմիններին հստակ տարբերակել լրատվամիջոցի անունից ինքնակամ հանդես եկող անձանց և տվյալ լրատվամիջոցի լիազորված ներկայացուցիչներին՝ զերծ մնալով չհիմնավորված կապեր վերագրելուց, հանրությանը թյուրիմացության մեջ գցելուց և լրատվամիջոցի բարի համբավը վնասող ձևակերպումներից։

«Առաջին լրատվականը» որևէ առնչություն չունի հրապարակման մեջ նկարագրված ենթադրյալ գործողությունների հետ և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի իր անվան ու բարի համբավի պաշտպանության համար օրենքով նախատեսված միջոցներ։

«Առաջին լրատվականի» խմբագրություն
»։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր