211652_close_icon
views-count1063 դիտում article-date 10:28 31-10-2026

Արտակարգ իրավիճակ՝ Առինջում․ դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը ողողել են մարդկանց տներն ու բակերը, որոշ հատվածներում խորությունը հասնում է 1 մետրի, իսկ Երևանի քաղաքապետարանը սպասում է 9 ամիսը լրանա, որ թույլտվության որոշումը ծնվի․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, հերթական անգամ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակավայրի Պարույր Սևակ թաղամասի 20-րդ փողոցի 3-րդ փակուղու բնակիչները 8 ամսից ավելի է՝ ամեն անձրևի ժամանակ հայտնվում են «շրջափակման մեջ» ու ժամերով մնում են անօգնական վիճակում։

Երեկ հորդառատ անձրևի պատճառով կոյուղատարներից դարձյալ դուրս էր թափվել կեղտաջուրը ու լցվել փողոցով մեկ։ Բնակիչների տները վերածվել էին «մինի Վենետիկի», ոչ միայն նկուղները, այլ նաև ավտոմեքենաներն էին հայտնվել ջրում, ու որոշ հատվածներում  էլ կոյուղատարներից առաջացած ջրի խորությունը հասնում էր 1 մետրի։ 

Ամբողջ օրը բնակիչները զանգահարել են «Վեոլիա Ջուր», սակայն այնտեղից պատասխանել են, թե հարցի լուծումը իրենց տիրույթում չէ և պետք է դիմեն Առինջ բնակավայրի ղեկավարին։ 

Բնակիչներին միայն օգնության են հասել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները, սակայն նրանք, ճիշտ է, հերթապահություն իրականացրին, բայց ոչինչ չէին կարող անել։

Բնակիչները զայրացած իրենց խոսքն էին ուղղում «Վեոլիա Ջրին» և Երևանի քաղաքապետարանին, քանի որ Կոտայքի մարզպետարանը, Աբովյանի քաղաքապետարանը պետք է ստանան Երևանի քաղաքապետարանի թույլտվությունը, որպեսզի դարն ապրած խողովակատարերն ու դիտահորերը փոխեն, քանի որ այն անցնում է Երևանի վարչական տարածքով, իսկ թույլտվության համար դեռ մարտին, երբ ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել նշված վայրից, Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, թե իրենք պատրաստ են թույլտվություն տալ, բայց արդեն 8 ամիս է՝ թույլտվությունն ուշանում է։ Հավանաբար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սպասում է, որ 9 ամիսը լրանա, որից հետո գուցե թե որոշումը ծնվի։

Երեկ բնակիչների հետ հանդիպել է Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, ով, ինչպես 8 ամիս առաջ, երեկ նույնպես բնակիչներին հայտնել է, որ Կոտայքի մարզպետարանն ու Աբովյանի քաղաքապետարանը պատրաստ են աշխատանքներ կատարելու, սակայն իրավունք չունեն, մինչև Երևանի քաղաքապետարանի որոշումը չլինի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Առինջ բնակավայրի Պարույր Սևակ թաղամասի 20-րդ փողոցի 3-րդ փակուղու բնակիչները իրենց օրն անցկացնում են գարշահոտ ու հակասանիտարական վիճակում և պատճառը ոչ թե իրենց անփութությունն է, այլ պատասխանատու մարմինների քար անտարբերությունը։

Մարտի 15-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Էս թաղամասը կարծես անտեսված լինի Կոտայքի մարզպետարանի ու Աբովյանի քաղաքապետարանի կողմից։ Երկար ու ձիգ տարիներ է՝ այս խնդիրը չի լուծվում, իսկ դա անլուծելի չէ, եթե մարզպետն ու քաղաքապետը մի քիչ մեր լեզվով ասած «տոկի տան» պատասխանատուներին, ապա էս գարշահոտ, հակասանիտարական վիճակը օրերի ընթացքում կվերանա։ Սեփական սեկտոր է, մեկը մեկի վրա են գցում, թե դուք պիտի անեք։ Բնակիչներով ինչքա՞ն անենք, եթե մենք պիտի անենք, էդ դեպքում ինչի համար ենք կանոնավոր վճարումները անում, այդ թվում՝ «Վեոլիա ջրին»։

Ուզում ենք հասկանալ՝ մի՞թե մեր իշխանությունները այդքան անզոր են, որ չեն կարողանում «Վեոլիա ջրին» հիշեցնեն, որ միայն փողեր հավաքելով չէ, այլ դուք էլ պարտավորություններ ունեք բնակչի ու սպառողի նկատմամբ և լավ կլինի, որպեսզի շատ արագ խնդիրը լուծվի։ Իսկ խնդրի լուծման համար պետք է անցկացվի կոյուղատար, որպեսզի այս կեղտաջրերը չապականեն բնությունն ու էդ հոտը չազդի մեր նյարդային համակարգի վրա։ 

Ձմեռը չենք կարողանում տների լուսամուտները բացենք, որ սենյակները օդափոխենք։ Ամառվա տապին էլ էլի չես կարողանում դուռ ու լուսամուտ բացել, դարձյալ հոտը իր սև գործն է անում»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը նշված թաղամասում կառավարության ֆինանսավորմամբ կյանքի է կոչում նոր կոյուղատարի անցկացման գործընթացը, պարզապես քանի որ այդ կոյուղատարների մի հատված պետք է անցնի Երևանի վարչական շրջանով, գրություններ են ուղարկվել Երևանի
քաղաքապետարան, սակայն չգիտես ինչու՝ հաստատման կամ մերժման որոշումները դեռևս ուշանում են։

Ու մինչ այդ որոշումները կլինեն, Է. Բաբայանի հանձնարարականով խնդրին ժամանակավոր լուծում տալու համար Առինջ համայնքի ղեկավար Էմիլ Ղուկասյանը պետք է գործողություններ կատարի, սակայն կարծես թե Է. Բաբայանի տված հանձնարարականը վարչական ղեկավարի համար ինչպես հայտնի ֆիլմում է՝ «Նաջարյանի ասածն իմ համար օրենք է», այս դեպքում ոչինչ չի ձեռնարկում։ Իսկ ժամանակավոր լուծումն այն է, որ կեղտով լցված կոյուղատարները պետք է բացվեն, մինչև անցկացվեն նոր ժամանակակից կոյուղատարները։ 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր