211652_close_icon
views-count1360 դիտում article-date 09:21 31-10-2026

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վթարներով հայտնի Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ վերջինը բախվել է բազալտե եզրաքարին ու ծառին և մասամբ հայտնվել կանգառում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ վթարներով ու վրաերթերով հայտնի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի մոտ, բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Գարիկ Ավետիսյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Նիվա»-ի գազաբալոնը և տեղում իրականացրել հերթապահություն։

Բախման հետևանքով «Նիվա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին, մասամբ հայտնվել մայթին և քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունները։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+

Նմանատիպ նյութեր