Հիլարի Քլինթոնն այլևս չի մասնակցի որևէ ընտրության
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը չի առաջադրի իր թեկնածությունը Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում, ինչպես նաև այլ հետագա ընտրություններում։
Այդ մասին, ինչպես հաղորդել է CNN հեռուստաալիքը, հայտարարել է նրա վստահված անձ Նիրա Թանդենը։
Նշենք, որ ավելի վաղ New York Daily News թերթը, հղում անելով իր բարձրաստիճան աղբյուրին, գրել էր, որ Քլինթոնը մտադիր է մասնակցել Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններին։ Իսկ ներկայիս քաղաքապետ Բիլլ դե Բլազիոյի լիազորություններն ավարտվում են այս տարվա վերջում։
«Նա ավելի շատ ուղիներ է փնտրում օգնելու երեխաներին ու նրանց ընտանիքներին։ Այնպես որ, չեմ կարծում, որ մտադիր է այսուհետ երբևիցե մասնակցել որևէ ընտրության»,-մեջբերում է հեռուստաալիքը Թանդենի խոսքը։