211652_close_icon
views-count1166 դիտում article-date 18:41 23-09-2015

Հրապարակվել է «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության Սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգի շնորհանդեսը։ Այն լույս է ընծայվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։  «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» վերտառությամբ նախագիծը կազմակերպվել է «ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։ Ցուցահանդեսը և հրապարակված ժողովածուն նվիրված են Ցեղասպանության տարիներին հազարավոր հայ մանուկների և կանանց կյանք փրկած միսիոներներին և սկանդինավյան երկրների առաջադեմ հանրության հայանպաստ գործունեությանը։ Կատալոգում զետեղված են բաժիններ հետևյալ խորագրերով՝ «Հայասիրական շարժումը սկանդինավյան երկրներում», Սկանդինավյան ականատեսներ. դիվանագիտական վկայություններ», «Փրկություն. ապաստան. վերածնունդ», «Դանիացի հրեշտակ. Մարիա Յակոբսեն», «Դանիացի հրեշտակ. Կարեն Եփփե», «Դանիայի հումանիտար առաքելությունը», «Ֆրիտյոֆ Նանսենն ու Հայաստանը» և այլն։  Նախագիծը նպատակ ունի սերունդներին հիշեցնել այնպիսի իրական հերոսների անուներ, ինչպիսիք են Մարիա Յակոբսենը, Բոդիլ Բյորնը, Ալմա Յոհանսոնը, Քարեն Մարի Փետերսը, Հանսին Մարքերը, Թորա ֆոն Վեդել-Յարլսբերգը, Կարեն Եփփեն, մարդիկ, ովքեր հազարավոր հայերի կյանքեր են փրկել։  Շնորհանդեսի ընթացքում «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգին անդրադառնալիս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ երկու օր առաջ Օսլոյում բացվել է հենց այս թեմայով ցուցադրությունը: Նախկինում ցուցահանդեսը ներկայացվել է նաև Շվեդիայում և Ֆինլանդիայում։

Նմանատիպ նյութեր