1564 դիտում
17:38 13-04-2015
Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը
Ապրիլի 11-ին Ֆինլանդիայի Տամպերե սրահում` սկանդինավյան երկրներում ամենամեծ համերգային դահլիճի նախասրահում, կազմակերպվել էր «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Ցեղասպանության տարիներին հազարավոր հայ մանուկների եւ կանանց կյանք փրկած միսիոներներին եւ սկանդինավյան երկրների առաջադեմ հանրության հայանպաստ գործունեությանը։
«Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» վերտառությամբ ցուցահանդեսը կազմակերպվել է «ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Ամեն մի երկրի հետ աշխատելիս անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության թեման տեղավորել տեղական հիշողության համատեքստ, որը մատչելի կդարձնի խնդիրը տեղի հասարակության համար, ինչն ավելի մեծ արդյունք կապահովի Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:
«Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» ցուցադրությունում տեղ են գտել հայ-սկանդինավյան պատմական առնչություններին, Օսմանյան կայսրությունում սկանդինավյան միսիոներական կազմակերպություններին վերաբերող նյութեր։ Ներկայացված են նյութեր համիդյան, Ադանայի կոտորածների ու սկանդինավյան արձագանքի մասին։ Զետեղված են նաեւ ցուցադրություններ՝ հետեւյալ խորագրերով՝ «Հայասրիական շարժումը սկանդինավյան երկրներում», «Սկանդինավյան ականատեսներ. դիվանագիտական վկայություններ», «Փրկություն. ապաստան. վերածնունդ», «Դանիացի հրեշտակ. Մարիա Յակոբսեն», «Դանիացի հրեշտակ. Կարեն Եփփե», «Դանիայի հումանիտար առաքելությունը», «Ֆրիտյոֆ Նանսենն ու Հայաստանը» եւ այլն։
Սկանդինավցիների ներգրվածությունը Հայոց ցեղասպանության ժամանակ մազապուրծ հայերի աջակցության առումով այնքան մեծ է եղել, որ նրանց ավանդն արժանի է հատուկ հիշատակման ու ներկայացման: Այն կարող է ոչ միայն դաստիարակչական լիցք ունենալ հայ եւ օտար երիտասարդների համար, այլ նաեւ հզոր քարոզչական զենք լինել՝ ներկայացնելու համար Հայոց ցեղասպանությունը որպես համաեվրոպական հիշողության մաս:
Ցուցադրությունը նպատակ ունի սերունդներին հիշեցնել այնպիսի իրական հերոսների անուներ, ինչպիսիք են Մարիա Յակոբսենը, Բոդիլ Բյորնը, Ալմա Յոհանսոնը, Քարեն Մարի Փետերսը, Հանսին Մարքերը, Թորա ֆոն Վեդել-Յարլսբերգը, Կարեն Եփփեն, մարդիկ, ովքեր հազարավոր հայերի կյանքեր են փրկել։
Ծրագրի շրջանակներում ձեւավորված 23 ցուցատախտակ երկու լեզվով (հայերեն եւ անգլերեն) արտացոլում են Հայոց ցեղասպանության նկատմամբ Սկանդինավյան երկրների արձագանքը։ Առաջիկայում այս նյութերին հաղորդակից կլինեն սկանդինավյան այլ երկրներ։ Ցուցադրությունը ներկայացվել է նաեւ Դանիայում։
Նմանատիպ նյութեր
1160 դիտում
18:41 23-09-2015
Հրապարակվել է «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգը
17766 դիտում
14:35 04-06-2016
Ռուսաստանի ԱԳՆ-ն ոչ ադեկվատ է գնահատել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի արձագանքը
1049 դիտում
23:17 25-05-2015
Սկանդինավյան երեք երկրներում մեկնարկեցին խոշորագույն զորավարժությունները
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»