211652_close_icon
views-count1211 դիտում article-date 12:27 12-07-2015

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ. ֆոտոշարք

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ընդունեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային եռօրյա համաժողովի մասնակիցներին: Հանդիպման սկզբում համաժողովի առաքելությանն ու կարևորությանն անդրադարձավ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այնուհետև միջազգային համաժողովի մասնակիցներին իր գնահատանքի և օրհնության խոսքն ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հաջողություն մաղթելով համաժողովի աշխատանքին: Վեհափառ Հայրապետը, կարևորելով համաժողովի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հույս հայտնեց, որ այս համաժողովը պիտի լուրջ ներդրում ունենա մշակութային ժառանգության պահպանության և պատշաճ խնամքի ապահովման գործում: Իր խոսքում անդրադառնալով մշակութային արժեքների պահպանության խնդրին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտելի նկատեց ամեն տեսակի ոտնձգություն պատմական մեծարժեք ստեղծագործությունների և ժառանգության նկատմամբ: Հայոց Հովվապետը շեշտեց, որ մարդու կողմից ստեղծված մշակույթը լավագույնս վկայում է մարդ-Աստված փոխհարաբերության մասին և այն, որ մարդ ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ: Հայոց Հայրապետն ընդգծեց նաև, որ արարելն ամենից կարևոր շնորհներից մեկն է, որ Աստված պարգևել է մարդուն, և ավելացրեց, որ մշակույթի հանդեպ ունեցած հոգածությունը սիրո մեծագույն դրսևորում է Ամենակարող Տիրոջ հանդեպ: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր