Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Քուվեյթի տեղեկատվության նախարարի հետ
Ապրիլի 14-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպում ունեցավ Քուվեյթի տեղեկատվության նախարար, երիտասարդության հարցերի պետնախարար, մշակույթի, արվեստների և նամակագրության Ազգային խորհրդի նախագահ շեյխ Սալման Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Համուդ Ալ-Սաբահի հետ:
Դեսպան Չարչօղլյանը շեյխ Սալման Ալ-Սաբահին հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նամակ-հրավերը` մասնակցելու հուլիսի 10-ից 14-ը Հայաստանում անցկացվելիք «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին, ինչպես նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:
Շնորհակալությամբ ընդունելով հրավերը` նախարար Ալ-Սաբահը նշեց, որ կներառի իր առաջիկա ծրագրերում այցը Հայաստան` ծանոթանալու մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտում տարվող քաղաքականությանը, համագործակցության առկա ներուժին:
Հանդիպման ընթացքում կարևորվեց տեղեկատվության և մշակույթի բնագավառներում երկկողմ համագործակցության առավել ընդլայնումը: Այս կապակցությամբ Քուվեյթի տեղեկատվության նախարարն ընդգծեց առաջիկայում Հայաստանի մասին լրատվական նյութեր և հեռուստառեպորտաժներ պատրաստելու նպատակով քուվեյթյան լրագրողների խմբի այց կազմակերպելու իր մտայնությունը:
Անդրադառնալով մշակութային կապերի ակտիվացման հեռանկարներին` Դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց առաջիկայում նախատեսվող միջոցառումների ուղղությամբ տարվող աշխատանքները:
Մտքեր փոխանակվեցին երկու երկրների միջև սպորտի ոլորտում փոխգործակցության հաստատման վերաբերյալ: Բարձր գնահատվեց քուվեյթահայ համայնքի կառուցողական դերը երկրի բարգավաճման և հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունների զարգացման գործում: