Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը՝ Քուվեյթի Ալ-Ահմադի նահանգի նահանգապետի հետ
Դեկտեմբերի 8-ին Քուվեյթի Ալ-Ահմադի նահանգի նահանգապետ Ֆավազ Ալ-Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահն ընդունեց Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջմարզային համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվեց իրավապայմանագրային բազային խորացման անհրաժեշտութունն ու մարզերի միջև հարաբերություններին առավել համակարգված բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն ընդգծեցին այս ոլորտում առկա ներուժն ու այն նպատակային օգտագործելու երկկողմ պատրաստակամությունը: Դեսպան Չարչօղլյանն առաջարկեց քննարկումներ սկսել առևտրատնտեսական փոխգործակցության խթանման շուրջ` շեշտը դնելով Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների` Քուվեյթ արտահանման հնարավորությունների վրա: Դեսպանը նշեց, որ 2015թ. հունվարի 1-ից Հայաստանը պաշտոնապես դառնալու է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, ինչը լայն հնարավորություններ կարող է ընձեռել Հայաստանում համատեղ ձեռնարկություններ հիմնելու և ԵՏՄ անդամ երկրների շուկաներ արտադրանքն արտահանելու կապակցությամբ:
Երկուստեք շեշտվեց միջմարզային բնույթի պատվիրակությունների փոխայցելություններն ակտիվացնելու կարևորությունը: