Դեսպան Չարչօղլյանի հրաժեշտի հանդիպումը Քուվեյթի Պետության ԱԳ նախարարի հետ
Հունիսի 16-ին Քուվեյթում պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպումների շրջանակներում դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին ընդունեց Քուվեյթի Պետության վարչապետի առաջին տեղակալ, արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահը:
Ողջունելով հյուրին` Քուվեյթի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց բարեկամ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների կապակցությամբ և երկու երկրների մայաքաղաքներում դեսպանությունների գործունեությամբ: Արտգործնախարարը նշեց, որ Քուվեյթում ՀՀ դեսպանության բացումից ի վեր մեծ աշխատանք է կատարվել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, զբոսաշրջային, կրթական, մշակութային կապերի ամրապնդման, մի շարք բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Չարչօղլյանն իր երախտագիտությունը հայտնեց Քուվեյթի Պետությանը և Քուվեյթի արտաքին գործերի նախարարությանը` դեսպանության հիմնադրումից ի վեր ցուցաբերվող աջակցության և սերտ համագործակցության համար: Դեսպան Չարչօղլյանը իր խոսքում առանձնահատուկ կարևորեց նաև Քուվեյթի Պետության կողմից տեղի հայ համայնքի հանդեպ հոգատար և հյուրընկալ վերաբերմունքը:
Դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը Շեյխ Սաբահ Խալեդին փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բարեմաղթանքները և վերահաստատեց ՀՀ ԱԳ նախարարի` Հայաստան այցելելու հրավերը: