668 դիտում
10:05 20-12-2014
Մայր բուհում քննարկվել են հանրային առողջապահական ծրագրերը
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, հանրապետության ընտանեկան բժիշկներին, ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության ամբիոնի ուսանողներին, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և այլ բուժհաստատությունների բուժաշխատողներին երեկ ներկայացվեցին ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2015 թվականին իրականացվելիք ծրագրերը։
Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ առողջապահության նախարարությունը որդեգրել է բնակչությանն առողջ պահելու գաղափարախոսությունը, ինչը բխում է թե՛ մարդկանց, թե՛ պետության շահերից, քանի որ այդ ճանապարհով կրճատվում են հիվանդությունները և հիվանդանոցային մեծ ծախսերը։ Այս առումով փոխնախարարը կարևորեց ցորենի ալյուրի հարստացման, 2015 թվականի հունվարից ներդրվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ մեկ ստենտի տեղադրում), սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունների ծրագրերը։
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ներկայացնելով վերջերս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Ալյուրի հարստացման ծրագրի նախագիծը, նշեց, որ ըստ էության դա ցորենի աղալու ընթացքում միկրոսնուցող հանքային նյութերի և վիտամինների կորուստների վերադարձն է բարձր որակի ալյուրի մեջ։ Բերելով երկաթի և ֆոլաթթվի պակասի հետևանքով աշխարհում և Հայաստանում արձանագրված հիվանդությունների (կանանց և երեխաների շրջանում սակավարյունություն, թույլ իմունային համակարգ, նյարդային համակարգի բնածին ճողվածք) առկա վիճակագրությունը, բանախոսը նշեց, որ ըստ ԱՀԿ ապացուցողական հետազոտությունների սակավարյունությունների պատճառը 90% դեպքերում երկաթի պակասն է։ Ամեն տարի Հայաստանում ծնվում է նյարդային խողովակի բնածին ճողվածքով 80 երեխա, որոնք ողջ կյանքում մնում են հաշմանդամ։
Աշխարհի 80-ից ավելի երկրներ գնացել են այդ խնդիրներն ալյուրի հարստացման միջոցով կանխելու ճանապարհով, քանզի, դրանք հնարավոր չէ լրիվ վերականգնել բուժման միջոցով։
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը մանրամասն ծանոթացրեց սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման դրդապատճառներին, ծառայության կազմակերպմանը և սպասվող արդյունքներին։ Ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում: Սրտաբանը ներկայացրեց մշակված այն չափորոշիչները, որոնցով մասնագետները պետք է առաջնորդվեն սրտամկանի սուր ինֆարկտի (ST-էլեվացիայով) դեպքում` ախտորոշումից, հիվանդանոց տեղափոխելուց մինչև անվճար վիրահատություն:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը ներկայացրեց սոցիալական փաթեթի շահառուների բժշկական կանխարգելիչ ստուգայցերի կազմակերպման ծրագիրը։ Շահառուների կանխարգելիչ բժշկական այցերն ուղղված են ոչ միայն ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, այլև առողջության չճանաչված վտանգների կամ ասիմպտոմատիկ հիվանդությունների ակտիվ հայտնաբերմանը: 2015 թվականի ընթացքում շահառուները հնարավորություն ունեն անցնելու սոցփաթեթով նախատեսված կանխարգելիչ բժշկական զննությունները:
«Այս ծրագրերով մենք փորձում ենք ներդնել առողջ կենսակերպի հիմքը, որպեսզի մարդիկ պարբերաբար դիմեն բժշկի` անկախ այն բանից գանգատներ ունեն, թե ոչ»,-շեշտեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` կարևորելով պոլիկլինիկական ծառայության դերի բարձրացումը։
Նախարարը կարևորեց նաև հանրային առողջապահության ծրագրերի քննարկումը մայր բուհում։ Անդրադառնալով ցորենի ալյուրի հաստացման ծրագրին, Արմեն Մուրադյանը շեշտեց, որ գիտականորեն հիմնավորված այս ծրագիրը չպետք է դառնա ոչ մասնագիտական քննարկումների առարկա։ Բարձր գնահատելով սոցիալական փաթեթի շահառուների բժշկական կանխարգելիչ ստուգայցերի կազմակերպման ծրագիրը, նախարարը նշեց, որ փորձարարական այս ծրագիրն առաջիկայում կընդլայնվի։ Իսկ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման և որակի վերահսկողությունը կիրականացնի նախարարին կից մշտադիտարկման խորհուրդը։
Արմեն Մուրադյանը նաև պատասխանեց հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, որ մեծ ավանդ ունի Հայաստանում ընտանեկան բժշկության հիմնադրման գործում, կարևորելով նոր ծրագրերի քննարկումը, նշեց, որ համալսարանի ամբիոնը երկար տարիներ ընտանեկան բժիշկներ է պատրաստում։
«Ուրախ եմ, որ նախարարության որդեգրած ծրագրերի շնորհիվ նաև ընտանեկան բժշկության ներդրմանը նոր թափ է հաղորդվում»։
Նմանատիպ նյութեր
1381 դիտում
17:21 18-11-2014
Մայր բուհում կկազմակերպվի աշխատանքի միջբուհական առաջին տոնավաճառը
1635 դիտում
20:15 21-02-2016
Մայր բուհում նոր կենտրոն կբացվի
4535 դիտում
22:33 26-03-2016
Այսօր Մայր բուհում շուրջ 600 դպրոցականներ մասնակցեցին «ԵՊՀ օլիմպիդա-2016»-ի երկրորդ փուլին
Այս բաժնից
475 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
868 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս