Մայր բուհում նոր կենտրոն կբացվի
Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել են 2016 թ. փետրվարից և նախատեսված է ավարտել 2016 թ.-ի հունիս-հուլիս ամիսներին:
Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիրներն են ՀՀ Կառավարությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID), IBM կազմակերպությունը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանը:
Կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացնում է «Բաղրամյանշին» ԲԲԸ-ն, իսկ աշխատանքների համակարգմամբ (մրցույթ, նախագծային աշխատանքների պատրաստում և այլն) զբաղվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:
Կենտրոնն իր գործունեությունն իրականացնելու է մի շարք ուղղություններով՝ ՏՏ կրթության և գիտահետազոտական աշխատանքների հզորացում, ՀՀ հիմնական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական պլանների նորացում, տեղական և ԱՄՆ համալսարանների միջև համագործակցություն, գիտահետազոտական աշխատանքների խրախուսում։
ISTC-ն իրականացնում է սթարթափ աքսելերացիա, այսինքն՝ աջակցություն անձնակազմին՝ կենսունակ թիմեր ստեղծելու նպատակով։ Այն նախատեսում է խորհրդատվություններ և ֆինանսական աջակցություն, զարգացման աղբյուրներից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև ՓՄՁ-ի համար ծրագրի ապահովման լուծումների տրամադրում և գլոբալ շուկաներում տեղական տեխնոլոգիաների գովազդում, միջավայրի ստեղծում տեխնոլոգիական լուծումների մշակման և փորձարկման համար։
ISTC կենտրոնի ռեսուրսներից (մասնավորապես Ակադեմիական նախաձեռնության դասընթացներից, վիրտուալ գրադարաններից, կենտրոնի ծրագրային ապահովումից և համակարգչային տեխնիկայից, կենտրոնի անձնակազմի և IBM փորձագետների աջակցությունից և այլն) օգտվելու հնարավորություն են ունենալու ինչպես համալսարանականները, այնպես էլ ՀՀ այլ համալսարանների ուսանողներն ու դասախոսները, այդ թվում՝ մասնավոր հատվածը։
Շինարարական աշխատանքների շրջանակում տեղադրվելու է վերելակ, որից կկարողանան օգտվել նաև մասնաշենքի ուսանողները և դասախոսները: Վերելակի առկայությունը կարևոր է հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու համատեքստում:
ԵՊՀ ղեկավարությունը վստահեցնում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում պահպանվում են սահմանված բոլոր նորմերը, իրականացվում է ամենօրյա վերահսկողություն մասնագիտացված տեխնիկական վերահսկողության և նախագծային կազմակերպությունների, ինչպես նաև համալսարանի ու կենտրոնի մյուս հիմնադիրների կողմից:
Հավելենք, որ շինարարական աշխատանքներ սկսելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրել է թույտվություն: Առկա են նաև սեյսմիկ և այլ պատասխանատու կառույցների հաստատումներն ու եզրակացությունները: