211652_close_icon
views-count1909 դիտում article-date 09:46 22-07-2014

Վրաստանում ազգային-կրոնական հողի վրա հրահրվող բախումները ձեռնտու են առաջին հերթին՝ Ռուսաստանին․ 168 Ժամ

«168 Ժամ» թերթը գրում է․ «Քաղաքագետների մեծ մասը վստահ է՝ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, մալազիական ինքնաթիռի կործանումը և որպես դրա հետևանք՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարման նոր փուլն իր արտահայտությունն է ունենալու նաև Հարավային Կովկասում: Քաղաքագետների մեծ մասը չի սխալվում՝ այդ կանխատեսումներն իրականանում են օր օրի: Առնվազն՝ Հայաստանի մասով: Հայաստանում ու Հայաստանի շուրջ: Իրականանում են ամենակեղտոտ ու ամենաստոր մեթոդներով: Ռուսական մեթոդներով: Ռուսական մեթոդներով՝ նաև հայերի կատարմամբ: Նախօրեի երեկոյան, օրինակ, մի խումբ անձանց կողմից ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմը: Միջադեպի մանրամասն նկարագրությունից հետո հաղորդագրության մեջ շեշտվում է. «Ականատեսները պատմում են, թե հարձակվող ամբոխն ինչպիսի ազգային ատելությամբ է լցված եղել հայության հանդեպ: Նրանցից ոմանք եղել են ալկոհոլի և թմրադեղերի ազդեցության տակ: Ականատեսները վկայում են, որ եկեղեցու վրա հարձակված 50 հոգանոց ամբոխին ղեկավարում էին թանկարժեք մեքենաներով և վայելուչ հագուկապով այրեր: Կոչ ենք անում Վրաստանի իրավապահ մարմիններին՝ համապատասխանաբար գնահատել տվյալ գործողությունները և հետաքննել դրանք՝ որպես կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործություն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանում ազգային և կրոնական նշաններով ցանկացած պառակտում կանխելու նպատակով»: Նմանատիպ որակումներ ու գնահատականներ պարունակող հայտարարություններ են տարածել նաև Վրաստանում գործող հայկական մի շարք կազմակերպություններ: Տեղի ունեցածն, իհարկե, նողկալի և խստագույնս դատապարտելի երևույթ է: Մյուս կողմից, սակայն, քաղաքական մեղսունակությունը պահանջում է առնվազն չբացառել, որ նման հանցագործությունները՝ նման լարված պայմաններում ու նման լարված տարածաշրջանում, չեն կատարվում պատահաբար ու, որ «վայելուչ հագուկապով այրերը», որպես կանոն, ուղղորդվում են շատ որոշակի տեղից, շատ որոշակի նպատակներով: Ընդհանրապես, ցանկացած հանցագործությունից հետո ծագող առաջին հարցն «ո՞ւմ է այն ձեռնտու» հարցադրումն է: Իսկ Վրաստանում ազգային-կրոնական հողի վրա հրահրվող բախումները, ակնհայտ է՝ ձեռնտու են առաջին հերթին՝ Ռուսաստանին, որն իր բոլոր նպատակներին հասնելու համար միայն մեկ մեթոդի է տիրապետում՝ սառը հակամարտությունների «տաքացումը»: Ձեռնտու է ճիշտ այնպես, ինչպես հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում ակտիվացած բախումները, որոնց հետևանքով ամեն շաբաթ հայ զինվորներ են սպանվում»։ Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր