211652_close_icon
views-count172 դիտում article-date 16:51 18-11-2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Դավիթ Բեկի փողոցում՝ «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ, հազարավոր վարորդների համար փորձանք դարձած վնասված դիտահորը վերանորոգվեց ու տարածքն ասֆալտապատվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ, վարորդների համար պատուհաս ու փորձանք դարձած տաշած ասֆալտի և կոտրված դիտահորի վտանգավորության մասին, քանի որ հիմնականում մութն ընկնելուն պես շատ վարորդները, չնկատելով այդ ամենը, կոտրում էին ավտոմեքենաների թափարգելները, անվահեծանները, պայթեցնում անվադողերը, իսկ մի քանի անգամ էլ եղել էին վթարներ, բարեբախտաբար, առանց զոհերի ու վիրավորների։

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները ժամանել են նշված վայր և ժամերի ընթացքում խնդիրը լուծել. վերանորոգել են դիտահորը, ինչից հետո կատարել են ասֆալտապատման աշխատանքներ։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հազարավոր երևանցիներ արդեն ամիսներ շարունակ Երևանի տարբեր փողոցներում եղած փոսերի կիսաասֆալտապատ լինելու պատճառով վնասում են ավտոմեքենաները՝ կոտրելով թափարգելները, անվահեծանները, պայթում են անիվներ, ու դրա պատճառով էլ երևանցիների մեծ մասի մոտ հայտնի ասացվածքը նոր ձևով է հնչում՝ «Էշին փալան չի գալիս, Երևանին էլ՝ ասֆալտապատող»։

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, նման պատկեր էր ստեղծվել Դավիթ Բեկի փողոցում՝ ժողովրդին ավելի հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ։ 

Քանի օր է՝ ասֆալտը քերել էին, իսկ քերած տեղում էլ բաց ու վնասված դիտահորը մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար։ Եթե ցերեկային ժամերին վարորդները տեսնում ու կողմնորոշվում էին, որ առջևում խոչընդոտ էր ու կարողանում էին խույս տալ դրանից, անգամ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնը, ստիպված դուրս էին գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա գիշերային ժամերին պիտի առնվազն «գուշակ Վանգան» լինեին, որ գուշակեին՝ առջևում բաց դիտահոր կա, որը կարող էր դառնալ վթարի պատճառ, ու անգամ ստանային մարմնական վնասվածքներ։

Երևանի քաղաքապետարանն այս փողոցի ասֆալտն արդեն մի քանի անգամ տաշել-լցրել էր, տաշել-լցրել էր, ստացվում է՝ Երևանի քաղաքապետարանում երևի թե բացել էին «տաշող-լցնողների» բաժին, հակառակ դեպքում կարող էին մեկ անգամ որակյալ ասֆալտապատում կատարել, մինչ այդ էլ փոխել դիտահորերը, բայց չէին արել, որովհետև երևի թե գիտեին, որ եթե որակյալ անեին, կմնային առանց գործ։ Իսկ որ թերի աշխատանքի պատճառով արժանանում էին հազարավոր վարորդների հայհոյանքներին ու անեծքներին, դա հավանաբար նրանց չէր հուզում։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր