211652_close_icon
views-count652 դիտում article-date 19:54 16-11-2026

Պարեկային ծառայությանն անհարկի մեղադրելուց առաջ իմացեք՝ երեկ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին մի քանի կիլոմետրանոց խցանման մեղավորները որոշ «վայ» վարորդների կողմից ավտոմեքենաները կայանելն ու վթարի վայրում նկարահանումներն էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Երեկ՝ նոյեմբերի 15-ի երեկոյան համացանցում, այդ թվում՝ ֆեյսբուք, տիկտոկ, ինստագրամը սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր բարձրաձայնում էին, թե Աշտարակ-Երևան ավտոճանապարհին ստեղծվել է արհեստական խցանում ու դրա պատճառով մի քանի ժամ է պահանջվել, մինչև Աշտարակից հասել են Երևան։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն որ խցանումներ լինում են, դա գաղտնիք չէ, բայց որ գույները խտացնում են ու առանց իրավիճակի մասին տեղեկանալու, անհարկի քննադատում են պարեկային ծառայությանը, ինչպես որ երեկ Աշտարակ-Երևան ճանապարհին ստեղծված խցանման համար, այդ ամենն այնքան է իրականությունից դուրս, որ նույնիսկ «եփած հավի ծիծաղը կգա»։

Երեկ ոչ թե խցանում էր ստեղծվել, այլ դանդաղընթաց երթևեկություն, քանի որ Պռոշյան գյուղի վարչական տարածքում տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար ու տեղում աշխատում էին մի քանի օպերատիվ ծառայություններ, այդ թվում՝ Երևանի 103 շտապօգնությունը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի և Կոտայքի մարզերի գումարտակների պարեկները, ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը ու ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները, քանի որ տեղում կատարվում էին քննչական գործողություններ, իսկ այն, քանի որ ցավալի ու ողբերգական ավտովթար էր, ինչի հետևանքով 18-ամյա ուղևորուհին մահացել էր, հետևաբար մինչև քննիչների գործողությունների ավարտն ու հատուկ տեխնիկայի ժամանումը պետք է երթևեկությունն այդ կերպ լիներ։ 

Իսկ երբ քննչական գործողություններն ավարտվեցին, ճանապարհը դարձավ երթևեկելի։ Խցանումն էլ ստեղծում էին որոշ հետաքրքրասեր վարորդներ, ովքեր ավտոմեքենաները կայանում էին երթևեկելի գոտում ու ղեկը թողած նկարահանումներ իրականացնում վթարի վայրում։ Եվ եթե Կոտայքի պարեկները չլինեին, այդ նկարահանողները գուցե գերազանցեին Հայաստանում հայտնի սերիալների «կնքամայր» Դիանա Գրիգորյանին։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։ 

Վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել էր, իսկ երկու հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը անհրաժեշտ բուժօգնություն էր ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել էին հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ կողաշրջված ավտոմեքենան դարձի էին բերել։

Մահացածի մարմինը հայտնաբերվել էր ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել էին տարածքը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից արդեն դեպքի վայր էր ժամանում քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել էին, որ մահացածը 18-ամյա աղջիկ էր։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր