865 դիտում
15:06 17-07-2014
ՀՀ դատախազական և օրենքով ստեղծված մշտական գործող այլ մարմիններ կազատվեն պետտուրքի վճարումից
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է ՀՀ դատախազական և օրենքով ստեղծված մշտական գործող այլ մարմիններն ազատել պետտուրքի վճարումից: Այժմ պետտուրքից ազատված են օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, կենսաթոշակային զբաղվածության հիմնադրամը և դատական իշխանության մարմինները, մարդու իրավունքների պաշտպանը, նոտարները և այլ կազմակերպություններ:
Նիստում հավանություն է ստացել «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի նպատակը համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար պաշտոնի անձնագրով նախատեսված չափանիշների պահպանումն է և 15 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում համայնքային ծառայության մրցութային ու ատեստավորման հանձնաժողովների ձևավորման միատեսակ ընթացակարգերի սահմանումը:
Գործադիրը քննարկել է «Հարկերի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Քանի որ շրջանառության մեջ են գտնվում ՀՀ արդարադատության նախարարության մշակած մի շարք օրինագծեր, որոնցով առաջարկվում է հանրային իրավական դրամական պահանջներով օրենքի պահանջների խախտմամբ պայմանավորված տույժ կամ տուգանք սահմանող անբողոքարկելի վարչական ակտերի կատարման դատական կարգ սահմանել այն դեպքում, երբ ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է 500 հազար դրամը, ինչպես նաև այն, որ նույն խնդրի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, կառավարությունը օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում է ձեռնպահ մնալ փաթեթի քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից հետո:
Գործադիրը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը կառավարության եզրակացության համաձայն համապատասխանում է աուդիտի ոլորտում իրականացվող քաղաքականությանը: Սակայն նախագծով առաջարկվող աուդիտորի մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պահանջի սահմանումը ներառում է բազմաթիվ ռիսկեր, ուստի առաջարկվում է լրամշակել նախագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ միգրացիայի ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործողությունների 2014-2016թթ. ծրագիրը: Նախատեսված միջոցառումները կապահովեն ապաստանի տրամադրման և միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդրության համապատասխանությունը Եվրամիության օրենսդրությանն ու լավագույն ինստիտուցիոնալ կառուցվածքներին, կաջակցեն օտարերկրյա պետություններից ՀՀ քաղաքացիների վերադարձին և հայրենիքում նրանց հետագա վերաինտեգրմանը, կկանխարգելեն Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիան, կկանոնակարգեն Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների զբաղվածությանը վերաբերող օրենսդրությունը, կկատարելագործեն ՀՀ սահմանային կառավարմանն ու ապաստանի տրամադրմանն առնչվող օրենսդրությունը, ինչպես նաև կապահովեն Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություններում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների իրավունքների և շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը:
Նմանատիպ նյութեր
1244 դիտում
11:23 13-06-2014
Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հաշմանդամները կազատվեն ավտոկայանատեղի տուրքի վճարումից
1803 դիտում
16:35 01-08-2019
Համահայկական ամառային 7-րդ խաղերի օտարերկրացի մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարումից
1076 դիտում
13:31 16-04-2014
Կապան համայնքում ստեղծվելու են համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմիններ
Այս բաժնից
610 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
538 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ