211652_close_icon
views-count1912 դիտում article-date 20:59 11-06-2014

Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հինգերորդ նիստը` Ազգային ժողովում

Հունիսի 11-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ հայ-ռուսական խորհրդարանական ակումբի՝ «Ոչ կառավարական կազմակերպությունները որպես պետական քաղաքականության իրականացման միջոց» թեմայով հինգերորդ նիստը: Նիստին մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների եւ տեղեկատվության միջոցների ներկայացուցիչներ: Միջոցառման հյուրերն էին «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը եւ Արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների եւ նախաձեռնությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Վերոնիկա Կրաշեննինիկովան: Բացման խոսքում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-ռուսական խորհրդարանական ակումբը կարճ ժամանակում դարձել է բազում արդիական խնդիրների քննարկման, մտքերի փոխանակության, բանավեճերի հարթակ, ինչը նպաստում է բարձրացրած խնդիրների արդյունավետ լուծմանը: Քննարկման ժամանակ կարեւորվեց եվրասիական ինտեգրման գործում ոչ կառավարական կազմակերպությունների դերը, անդրադարձ եղավ այդ կազմակերպությունների գործունեությունը պետականորեն կարգավորելու անհրաժեշտությանը, տեղեկատվական միջոցների եւ քաղաքացիական հասարակության փոխգործակցությանը, տեղեկատվական միջոցների աշխատանքի արդյունավետության բարձրացման մեխանիզմներին, այս ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառմանը, եվրասիական ինտեգրման պայմաններում պետական տեղեկատվական քաղաքականությանը:

Նմանատիպ նյութեր