3767 դիտում
20:17 21-04-2014
11 ամիս կոմայի մեջ. Բժշկական սխա՞լ թե՞... կորոշի հերթական փորձաքննությունը. տեսանյութ
Լիլիթ Նալբանդյանն արդեն 11 ամիս է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում վեգետատիվ կոմայի մեջ պառկած է: Երիտասարդ կինը չի լսում, չի զգում, ինքնուրույն չի շնչում, միայն աչքերն է բացում` մնալով անգիտակից վիճակում: Լիլիթի համար 2013-ի մաիսի 18-ի լույս 19-ի գիշերը ճակատագրական դարձավ: Առողջ կինը Վանաձորի ծննդատանը առաջնեկին էր սպասում: Կեսարյան հատումից հետո` կոմա: Դատաբժշկական փորձաքննությունը Լիլիթ Նալբանդյանի վիճակի վատացման պատճառ էր համարել թրոմբոէմբոլիան, որն առաջանում է հանկարծակի եւ, որի դեմ բժիշկներն անզոր են: Այս եզրակացության համաձայն բժիշկները թերություններ և բացթողումներ թույլ չեն տվել: Դատաբժշկական կրկնակի փորձաքննությունը ամբողջությամբ հերքել է առաջին եզրակացությունը:
Երկրորդ փորձաքննությունը արձանագրել է, որ թրոմբոէմբոլիա չի եղել: Ծննդկանի հետռեանիմացիոն վիճակը զարգացել է նրա նկատմամբ հետվիրահատական վաղ շրջանում ոչ պատշաճ բժշկական հսկողություն իրականացնելու պատճառով: Մասնագետ անեսթեզիոլոգը ծննդկանի մոտից հեռացել է ժամանակից շուտ եւ հեռացել է բուժհաստատությունից, հիվանդի վիճակի վատացումը ժամանակին չի հայտնաբերվել, ժամանակին չեն կատարվել վերակենդանացման միջոցառումները:
Ըստ փորձաքննությունների ազգային բյուրոյի եզրակացության, պատշաճ չի իրականացվել նաեւ նախավիրահատական հսկողությունը: Չի կատարվել Էլեկտրասրտագրություն, որը անզգայացումից առաջ պարտադիր է: Արայիկ Պապիկյանը գլխավոր դատախազին միջնորդել է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար պատասխանատվության ենթարկել առաջին դատաբժկական փորձաքննության տակ ստորագրած մասնագետներին, որոնք, փաստաբանի խոսքով, կաբինետում նստած եզրակացություն են կազմել: Մի ուշագրավ փաստ էլ` անասթեզիոլոգ Ալվարդ Հայրապետյանը 2-րդ կարգի հաշմանդամություն է ունեցել` գլխի հետ կապված հիվանդության պատճառով: Հաշմանդամության կարգը այս դեպքից հետո փոխվել է 3-րդ: Փաստաբանն այստեղ միտում է տեսնում:
Նկատի ունենալով 1-ին եւ 2-րդ փորձաքննությունների արդյունքների ակնհայտ հակասությունը, քննիչը 3-րդ փորձաքննությունն է նշանակել, որը պետք է իրականացնի Առողջապահության նախարարությունը: Քրեական գործում մինչեւ օրս որեւէ մեղադրյալ ներգրավված չէ, թեեւ փաստաբանը քննիչին միջնորդել է գործով մեղադրյալներ ճանաչել Լիլիթ Նալբանդյանի ծնունդն ընդունած բժիշկ Դավիթ Շահբազյանին եւ անեսթեզիոլոգ Ալվարդ Հայրապետյանին: Քրեական գործը հարուցվել է մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածի 1-ին մասով, որը պատժվում է ընդամենը տուգանքով կամ եռամսյա կալանքով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Լիլիթ Նալբանդյանի ծննդալուծումը կատարած բժիշկները շարունակում են աշխատել:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26535]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3408 դիտում
21:38 30-12-2020
Շուրջ 2 ամիս կոմայի մեջ. Պատերազմում վիրավորված մարզիկը բուժման շանսեր ունի արտասահմանում. Armsport.am
1254 դիտում
20:40 25-01-2023
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառք՝ 6 ամիս, 12 ամիս եւ 36 ամիս ժամկետներով
Այս բաժնից
1666 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ