211652_close_icon
views-count1646 դիտում article-date 18:00 10-02-2014

Մի բան ասեմ, բայց մեր մեջ մնա...

Տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում անիմաստ է գաղտնապահությունը հանրային հարաբերություններում: Իսկ երբ հավասարությունը գերակա արժեք է հռչակված և բոլոր մարդիկ հավասար են, ապա ոչ միայն անիմաստ է, այլև անարդար է հետևից խոսելը, գաղտնի հարաբերություններ կառուցելը, փակ քննարկումներ անցկացնելը: Դրանք միջնադարյան ժամանակների մնացուկներ են, որոնք աստիճանաբար վերանում են տեխնոլոգիական նվաճումների և հավասարության, մարդասիրության գաղափարների անողոք ճնշման տակ:

Գաղտնի կամ խորհրդավոր հարաբերությունները հակասում են ժողովրդավարության էությանը, քանի որ գրեթե ամեն ինչ որոշվում հանրային քննարկումներով: Այդ պատճառով հանրային հարաբերությունների թափանցիկությունը կարևորում են ժողովրդավարական երկրներում, որտեղ բացարձակ իմաստով ողջունելի է թափանցիկ գործունեությունը և արգելվում է ցանկացած գաղտնի գործունեություն:

Թափանցիկություն ապահովելու սուր գործիքներն են մամուլը, տեսախցիկը, ձայնագրող սարքը, համացանցը, Վիկիլիկսը, Սնոուդենը և այլն: Նուրբ գործիքներն են՝ ժողովրդավարությունը, հավասարությունը, եղբայրությունը, սոցիալական փոխվստահությունը, մարդասիրությունը և այլն: Բութ գործիքներն են բացախոսությունը, հպարտությունը, անկաշկանդվածությունը և այլն: Քաղաքական հարաբերություններում թափանցիկությանը դեմ են դրածոն, գործակալը, դավադիրը, ժողովրդականություն չունեցողը, ահաբեկիչը:

Տնտեսական հարաբերություններում թափանցիկությանը դեմ են ամոթալի ծագման միջոցներ տնօրինողը, հակամրցակցային պայմաններում գործողը, անհիմն հարստացողը, կեղծ գործարարը: Մնացածը՝ սկսած հեղափոխականից, վերջացրած շարքային գործավարով, կողմ են թափանցիկությանը և սկզբունքորեն կամ անգիտակցաբար մերժում են գաղտնիությունը ցանկացած հարցում:

Հանրային կյանքում գաղտնիությունը բնորոշ է հանցագործ շրջանակներին, և դա բնական է: Հանցագործ մտադրությունը պատժելի արարք է: Այսինքն, եթե մարդը բարձրաձայնում է, թե մտադիր է գողանալ կամ սպանել, ապա դա արդեն օրենքի նկատմամբ ոտնձգություն է: Ինչպես նաև հանցագործների հետ կապեր ունենալը ազդում է օրինապահ մարդու հանրային հեղինակության վրա: Այդ պատճառով հանցագործ հարաբերությունները, ինչպես նաև հանցագործների հետ շփումները, չեն կարող թափանցիկ լինել: Այնպես որ, եթե հետաքրքիր քաղաքական առաջարկ անելիս նշում են, որ դա պիտի գաղտնի մնա, ուրեմն հնարավոր է՝ գործ ունեք դրածոյի, գործակալի կամ ահաբեկչի հետ:

Եթե գործնական առաջարկ են անում, բայց պահանջում գաղտնիություն, ապա հնարավոր է՝ գործարքում անօրինական բան կա: Իսկ ընդհանրապես գաղտնապահությունը կարևորողը ցույց է տալիս իր թուլությունը, վախը, անվստահությունը, հնարավոր մրցակցությանը դիմանալու անպատրաստությունը: Մի խոսքով, հանրային թափանցիկ հարաբերությունների դարաշրջանում ջայլամի կեցվածք ընդունելը վաղուց նորաձև չէ, իսկ գործնական հաջողության հասնելու համար հարկավոր է պարզ ու շիտակ լինել:

Թաթուլ  Մկրտչյան

Նմանատիպ նյութեր