211652_close_icon
views-count2925 դիտում article-date 23:00 01-04-2014

Մի բան ասեմ՝ չեք հավատա

Արտագաղթը կասեցվել է, և գաղթականները վերադառնում են հայրենիք: Գործազուրկներ չկան, բնակիչները ապահովված են բարձր վարձատվող աշխատանքով: Կենսաթոշակներն այնքան բարձր են, որ թոշակառուները ապրում են ապահով, ոչ մի կարիք չունեն: Եվ ընդհանրապես բոլորն ապահովված են, կարողանում են իրականացնել իրենց ցանկությունները: Աղքատներ չկան: Մուրացկանների փոխարեն փողոցում շատ են ծաղրածուները, ովքեր վառ գույներով հագուստներով ներկած այտերով ուրախացնում են անցորդներին և մեքենաներին: Նախարարները անում են ամեն ինչ, որ բարձրացնեն ժողովրդի բարեկեցությունը: Նրանք կաշառք չեն վերցնում և լուծում են քաղաքացիների և պատգամավորների բարձրացրած հարցերը: Պատգամավորները քննարկում են պետության ու ժողովրդի համար կենսական հարցեր և ընդունում ազգանպաստ օրենքներ: Սակայն հրաշքներն այսքանով չեն ավարտվում: Վարունգը թարս է աճում, բայց դրա վրա ոչ ոք չի զարմանում և ոչ մի փոխաբերական իմաստ չի որոնում: Գայլերը ոչխարներին չեն վնասում: Ոչխարներին մորթում են մարդիկ, իսկ գայլերը մարդկանցից գնում են մի քանի կիլոգրամ դմակ և ուտում իրենց բներում: Ապօրինի ծառահատումներ չեն լինում: Բնությունը չեն վնասում ոչ գործածարը, ոչ էլ նախարարը: Գյուղական համայնքներում իրականցվում են զարգացման ծրագրեր առանց բնությունը վնասելու: Քաղաքներում մաքուր են փողոցներն ու պուրակները, մայթերն ու բակերը: Շրջակա միջավայրի մաքրության պահպանմամբ զբաղվում են բոլորը: Բնապահպանները ստիպված զբաղվում են զբոսաշրջությամբ և ստեղծագործական գործունեությամբ: Աշակերտների մեծ մասը սովորում են գերազանց: Ուսուցիչները առանց դժվարության 10 են նշանակում գերազանց սովորող աշակերտներին: Բուհերում կաշառակեր դասախոսներ չկան: Ուսանողները լավ են սովորում և զարմացնում իրենց պրպտունությամբ: Գիտնականները ամեն օր մի նոր հայտնագործություն են անում: Հանցագործություններ չեն լինում: Բանտերը դատարկ են: Ոստիկանությունը լուծարվել է: Դատարանների շենքերը փոխանցվել են մանկապարտեզներին: Ոստիկանները փոխել են մասնագիտությունը և զբաղվում են սպորտով, իսկ դատավորները նվիրվել են պոեզիային և ոտանավորներ են գրում: Պատերազմներ չեն լինում: Բոլոր երկրները վերացրել են բանակները և զենք ոչ ոք չի վաճառում ու չի գնում: Աշխարհում հաստատվել է լիակատար խաղաղություն: Բոլոր ազգերը ապրում են համերաշխության և փոխըմբռնման մթնոլորտում: Երկրի բնակիչները միմյանց նկատմամբ հարգալից են, սիրալիր: Գազի, հոսանքի գները ցածր են, նույնիսկ՝ ծիծաղելի: Առաջին անհրաժեշտության ապրանքները էժան են՝ մատչելի բոլորին: Միայնակ մարդիկ չկան: Բոլոր բնակիչները ժպտադեմ են, ուրախ, գոհ ու երջանիկ: Մեկ-մեկ էլ գարնան կեսին ձյուն է տեղում: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր