211652_close_icon
views-count2428 դիտում article-date 20:46 24-01-2014

Գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2014 թվականի 3-րդ շաբաթվա տվյալների համաձայն' գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա: 2014 թվականի անցած շաբաթների ընթացքում եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, ի տարբերություն 2013 թվականի նույն ժամանակահատվածի, երբ արձանագրվում էր գրիպի Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակը: Գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դրական նմուշների թիվը եղել է բավականին ցածր: Ինչ վերաբերում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացված հիվանդների լաբորատոր հետազոտություններին, ապա պետք է նշել, որ վերջիններիս մոտ արձանագրվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, 2013 թվականի միևնույն ժամանակահատվածի գրիպի Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակի դիմաց: Տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ԱՀԿ տվյալների համաձայն, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: Նշված երկրներում արձանագրվում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակը ևս: Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Իրականացվող մոնիտորինգի տվյալներով' Հայաստանում սուր շնչառական վարակների հիվանդացությունը, 2014 թվականի ընթացքում 2013 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա: Հանրապետությունում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը: 2014 թվականի անցած շաբաթների ընթացքում հոսպիտալացվել է միջին ծանրությամբ սուր շնչառական վարակների 7 դեպք, որոնց լաբորատոր հետազոտություների արդյունքում ևս անջատվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը: Վերջիններիս հոսպիտալացումը պայմանավորված է եղել բժշկական օգնության ուշ դիմելիությամբ, որոնք ստանալով համապատասխան բուժում դուրս են գրվել առողջացմամբ: Ելնելով վերը նշվածից' գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությանը հիշեցնում է' - խուսափե´ք հիվանդների հետ շփումից, - եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը, - եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, - հագնվե´ք եղանակին համապատասխան, - պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, - օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, - հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:

Նմանատիպ նյութեր