211652_close_icon
views-count5899 դիտում article-date 16:37 25-10-2018

Առողջապահության նախարարությունը հայտնում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի սկսվելու մասին

Հոկտեմբերից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը (ընթացիկ տարվա հոկտեմբերից (40-րդ շաբաթ) մինչև հաջորդող տարվա մայիս (20-րդ շաբաթ): Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վարակիչ հիվանդությունների համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գրիպը և սուր շնչառական վարակները, որոնց նկատմամբ ընկալ են բոլոր տարիքի մարդիկ: Համաձայն նախարարության տարածած հաղորդագրության՝ այսօր հանրապետությունում դիտվող իրավիճակը համահունչ է նախորդ տարիների գրիպի սեզոնին, ավելին` արձանագրվող սուր շնչառական վարակներն, ըստ համաճարակաբանական շաբաթական վերլուծությունների արդյունքների, 1,8 անգամ ցածր է հիվանդացության ամենացածր շեմից: Այս համատեքստում առավել բարձր ցուցանիշերն արձանագրվել են 0-14 տարեկան երեխաների շրջանում: «Ինչ վերաբերում է հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների շրջանառող հարուցիչներին, ապա պետք է նշել, որ այս պահի դրությամբ հանրապետությունում գրիպի վիրուսներ չկան, շրջանառվում են սուր շնչառական վարակների հարուցիչներ՝ ադենովիրուսներ, ռինովիրուսներ, պարագրիպ, այն էլ եզակի դեպքերում: Գրիպի նկատմամբ շարունակաբար կազմակերպվում և իրականացվում են բազմաթիվ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, սակայն վերջինս շարունակվում է արձանագրվել բնակչության շրջանում, ավելին` ձեռք բերելով պանդեմիկ ներուժ` առողջապահության համար ստեղծելով նոր խնդիրներ: Համաճարակային իրավիճակը երկու փուլով է ընթանում: Առաջին փուլում ավելի ծանրաբեռնված են աշխատում պոլիկլինիկական կազմակերպությունները, երկրորդ փուլն ավելի ծանր է, որն արձանագրվում է Ամանորի տոներից հետո մինչև փետրվարի երկրորդ կամ երրորդ տասնօրյակը: Այս պարագայում ոչ ոք չի կարող բացառել, որ հոսպիտալացման դեպքեր չեն լինի, որովհետև ցանկացած անձ խոցելի է գրիպի և շնչառական հարուցիչների նկատմամբ: Ամեն տարի անհրաժեշտություն է առաջանում վերանայել միջոցառումները` ուղղված գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելմանը: Առողջապահության նախարարությունը մասնակցում է մի շարք միջազգային ծրագրերի, ինչի արդյունքում առկա համաճարակաբանական հսկողության և լաբորատոր ախտորոշման համակարգը թույլ է տալիս առավել նպատակային կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկել՝ հնարավորության սահմաններում նվազեցնելով նշված հիվանդություններով առողջապահության համակարգի բեռը: Մասնավորապես ստեղծվել է` գրիպի և սուր շնչառական վարակների կատարելագործված համաճարակաբանական հսկողության համակարգ, համաճարակաբանական հսկողության տվյալների գործուն և արդիական բազա, բռնկումների վարման ընթացակարգեր, կատարելագործված և միջազգային ճանաչում ստացած լաբորատոր կարողություններ, ծանր սուր շնչառական վարակների միջազգային մոտեցումներին համահունչ բուժման մեթոդաբանություններ և այլն: Ամեն տարի ինչպես բժշկական անձնակազմի, այնպես էլ հանրության իրազեկման և զգոնության բարձրացման նպատակով կազմակերպվում են մի շարք միջոցառումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր