62984 դիտում
22:33 29-08-2018
Խոշոր ավտովթար Երևանում. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներից մեկի ավտոմեքենան բախվել է բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան քաղաքի Արագած փողոցի բնակիչ, 27-ամյա Սրապիոն Բադասյանը իր վարած Toyota Corola մակնիշի 005 BB 01 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, խմբի պետ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, հերթապահ բժշկի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Սարգիս Լալայանն ու տեսուչ Արմեն Աղաբեկյանը։
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ այն սպասարկում է նախագահի տեղակալներից մեկին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը միայնակ է եղել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+