211652_close_icon
views-count1354 դիտում article-date 20:57 30-03-2026

Երևանի Նորագյուղ թաղամասի բնակիչների համբերության բաժակը լցվել է․ նրանք ասում են՝ ինչքա՞ն կարելի է երեխաներին մանկապարտեզ ու դպրոց ճանապարհել դիտահորերից դուրս եկող կեղտաջրերի միջով․ կա նաև համաճարակի վտանգ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Տևական ժամանակ է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ժողովրդին հայտնի Նորագյուղ թաղամասում երեխաները մանկապարտեզ ու դպրոց են հաճախում՝ հաղթահարելով փոսերը, կեղտաջրերը և շնչում են անտանելի հոտ։

Երեկ՝ մարտի 29-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները զայրացած իրենց խոսքն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ ասելով․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ է այս ազգին փրկելու «Վեոլիա ջուր» ընկերության սարսափներից։

Սարսափ, որը բառերով չես կարող նկարագրել, սարսափ, որն անգամ կինոներում չի լինի։

Մի՞թե սարսափ չէ այն, որ երկար ու ձիգ տարիներ ոչ միայն մեր Նորագյուղ թաղամասում նման անտանելի վիճակ է տիրում։

Մի՞թե դժվար է այդ խնդիրը լուծել։ Արդեն չենք էլ ուզում երեխաներին մանկապարտեզ ու դպրոց ուղարկել։ Ում է պետք, որ երեխաներին կոկիկ հագցնում ենք, ու մինչև հասնում են դպրոց՝ ամռանը ամբողջությամբ փոշոտվում են, անձրևային եղանակին էլ ամբողջությամբ ցեխոտվում։
Էլ չենք ասում, որ այդ գարշահոտը ազդում է նաև երեխաների առողջության վրա։

Մի քանի դիտահորեր կան, որտեղից կեղտը դուրս է գալիս ու մի քանի կմ անցնում ճանապարհներով։ Հետո էլ ասում եք՝ սանիտարահիգիենիկ կանոնները պահեք։ Այս պայմաններում անգամ մեծերս չենք կարողանում պահել, բա երեխաները ինչ անեն։ Միայն փողերն են գանձում։ Մի սպառող մեկ ժամ վճարումը ուշացնի՝ «Վեոլիա ջուրը» ջրից կզրկի այդ բնակչին։

Այս դեպքում ով է պարտավորեցնելու «Վեոլիա ջրին», որ գործ անի, այլ ոչ թե ամեն օր մեզ նման անհարմարություններ պատճառի։

Հիմա այս հարցով պետք է զբաղվեն ոչ միայն կառավարությունում, այլ նաև Երևանի քաղաքապետարանում, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում և հրատապ Նորագյուղը փրկեն գարշանքից»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ արդեն տևական ժամանակ էր Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի 100-ից ավելի սեփական տների բնակիչներ ապրում են գարշահոտ, հակասանիտարական պայմաններում։

Մարտի 29-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն իրենց վրդովմունքն էին ուղղում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանին և իրենց համար արդեն թիվ մեկ պատուհաս համարվող «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին։

Բնակիչներն ասում էին․ «Ինչքան ժամանակ է այս խնդիրը կա, ամեն անգամ, երբ եղանակը անձրևում է, դիտահորերից դուրս թափվող ամբողջ կեղտաջրի պատճառով գարշահոտ ենք շնչում։ Ամեն անգամ դիմում ենք թե՛ գրավոր, թե՛ բանավոր՝ Երևանի քաղաքապետարան, Կենտրոնի թաղապետարան, «Վեոլիա ջուր», սակայն դրական ոչ մի առաջընթաց։ Մեկը մյուսի վրա է գցում ու չեն էլ մտածում, թե ամբողջ թաղամասը ինչպես անեն, որ փրկեն այդ անտանելի գարշահոտից։ Մեկ-մեկ մտածում ենք՝ 21-րդ դարում նման պատկեր․ էն որ ասում են՝ «Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու», հիմա դա լրիվ վերաբերում է Երևանի քաղաքապետարանին, Կենտրոնի թաղապետարանին ու «Վեոլիա ջրին», ուղղակի հիմա պիտի ասենք՝ «Ասա ով է գործընկերդ, ասեմ ինչ կարող ես անել դու»։

Իսկ այս երեքը միասին ոչինչ էլ չեն անում։

Քաղաքապետարանն ու թաղապետարանը ասում են՝ մեր գործը չէ, «Վեոլիա»-ն էլ միայն գումարները հավաքի։  Էլ արդեն մեր համբերության բաժակը այն աստիճանի է լցվել, որ ամբողջ Նորագյուղով որոշել ենք առաջիկա օրերին ամբողջ Իսակովի պողոտան, որից մի կիլոմետր այն կողմ Երևանի քաղաքապետարանն է, կաթվածահար անենք։

Մեր ու մանուկ, ահել-ջահել կփակենք այդ պողոտան՝ մինչև վերջնականապես մի ամբողջ թաղամաս չփրկեն գարշահոտից, իսկ դրա համար շատ բան պետք չէ․ սովետական տարիներին գցած կոյուղատարերը, որոնց դարն արդեն անցել է, հնացել են ու մաշվել, պետք է փոխվեն նոր, մի քիչ մեծ խողովակներով»։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր