211652_close_icon
views-count1834 դիտում article-date 15:47 30-03-2026

Նուբարաշենի թաղապետն ու «Վեոլիա ջուրը» 1.5 օրից ավելի «մուկն ու կատու» են խաղում, իսկ խմելու ջրի խողովակի վնասման պատճառով Գառնու հրաշք ջուրը կորում էր. խնդիրը լուծեցին «Նուբարաշեն» թռչնաֆաբրիկայի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Երեկ՝ մարտի 29-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես էր Նուբարաշեն վարչական շրջանում խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ըստ բնակիչների վաղ առավոտից ջուրը հոսում ու կորում։ Բնակիչները արդարացիորեն իրենց զայրույթն էին հայտնել «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարին և Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանի հասցեներին, քանի որ բնակիչներն անընդհատ ահազանգել էին վթարի մասին, սակայն «Վեոլիա ջրից» ու թաղապետարանից ցուցաբերել էին քար անտարբերություն։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 30-ին, «Նուբարաշեն» թռչնաֆաբրւկայի աշխատակիցները, չսպասելով «Վեոլիա ջուր» - Նուբարաշենի թաղապետ «ռինգի» ավարտին, հերթական անգամ նրանք իրենց միջոցներով կատարեցին աշխատանքներ, վթարի վայր բերեցին հատուկ տեխնիկա ու մասնագետներ և մի քանի ժամ անց Նուբարաշենի թռչնաֆաբրիկայի աշխատակիցները վերացրեցին խնդիրը։

Այդպես էլ ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ Նուբարաշենի թաղապետարանից ոչ մի աշխատակից չբարեհաճեց ու աշխատանքներ չիրականացվեցին։ Մինչդեռ ամբողջ գիշեր, մինչև «Նուբարաշեն» թռչնաֆաբրիկայի աշխատակիցների գործին խառվելը, տոննաներով այդ հրաշք Գառնու ջուրը կորում էր։

Մի քանի նուբարաշենցիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց վրդովմունքն էին ուղղում «Վեոլիա ջրի» ու Նուբարաշենի թաղապետարանի հասցեներին և երախտիքի խոսք ուղղում «Նուբարաշեն» թռչնաֆաբրիկայի աշխատակիցներին։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 29-ին Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող ճանապարհին, ժողովրդին հայտնի՝ սողանքի պատճառով անընդհատ փլվող հատվածում, որտեղ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ հիմանանորոգման աշխատանքներ են իրականացվել, այդ  ճանապարհահատվածում խմելու ջրի ջրախողովակի վնասվելու պատճառով առավոտից ջուրը հոսում ու լցվում էր ձորով մեկ։

Բնակիչները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին ուղղել «Վեոլիա ջուր» ընկերության և Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանի հասցեին։

Բնակիչներն ասում էին․ «Առավոտյան նկատեցինք, թե ինչպես է ջրախողովակի վնասման պատճառով ջուրը կորչում։ Մի 10 անգամ զանգահարել ենք «Վեոլիա ջուր»․ սկզբից ասում էին՝ կգանք, խոտանը կվերացնենք։ Մի 7 ժամ անց, երբ տեսանք, որ ուշանում են, նորից զանգահարեցինք, այդ անգամ էլ պատասխանեցին, թե դա մեր գործը չէ, և հետո էլ օրը աշխատանքային չէ․ գնացեք քաղաքապետարանով ու թաղապետարանով ձեր հարցերը լուծեք։

Ուզում ենք էն ամենավերջին խոսքերն ու անեծքներն ուղղենք այն պատասխանատուների հասցեին, որոնց կարելի է համարել «մազոխիստ»։

Ով է տեսել 21-րդ դարում նման բարձիթողի վիճակ․ ջուրը տոննաներով, որը Գառնունն է, գնում-կորչում է, իսկ «Վեոլիա ջուրն» ու Նուբարաշենի թաղապետարանը տունտունիկ են խաղում։ Էդ կառույցին ու թաղապետարանին պետք է զրկել ջրից, և այս ջրի կորստի դիմաց ամբողջ տուգանքները այդ 2 կառույցները պիտի փոխհատուցեն, թե չէ «Վեոլիա»-ն որ մնա՝ ժողովրդի քթից է բերելու։

Հիմա հույսներս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է և ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, իսկ որ նրանք կարող են «Վեոլիա ջրի» վրա ազդել ու պարտավորեցնեն շատ արագ վթարը վերացնել՝ դա նաև իրենց թասիբի հարցն է»։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր