211652_close_icon
views-count1141 դիտում article-date 15:19 06-11-2026

Հերթական հուսախաբությունը՝ հարյուր հազարավոր վարորդների համար. Տիգրան Ավինյանի «լայվը» Արին Բերդի փողոցի հիմնանորոգման վերաբերյալ «լայֆմեջ» եղավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ, տեսանյութ է հրապարակել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի անբարեկարգ, մարդաբոյ փոսերով հարուստ ճանապարհի մասին, երբ ամռանը փոշին, աշնանը ցեխաջրերը, իսկ ձմռանն էլ մերկասառույցը վարորդների համար դարձել էին պատուհաս։ Նույնիսկ մի քանի անգամ վարորդներն ի նշան բողոքի փակել էին ճանապարհը, մինչև որ նրանց հետ չէր հանդիպել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ով խոստացել էր, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ինքը իրավիճակի մասին կտեղեկացնի։

Որոշ ժամանակ անց էլ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ կառավարությունը խոշոր չափի գումար է ներդնելու, որպեսզի այդ ճանապարհը հիմնանորոգվի, ինչը վարորդների մոտ հույս էր առաջացրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 6-ին, նշված վայրում կարծես թե աշխատանքները «մեռած» լինեն։

Մի քանի վարորդներ արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում՝ ասելով․ «Քանի տարի է՝ էս ճանապարհը մեզ համար դարձել էր ոչ բարվոք։ Ամեն Աստծո օր ավտոմեքենաներ էին ջարդվում, անիվներ էին պայթում, իսկ երբ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ մեծ թափով աշխատանքները սկսվելու են, շատ ոգևորվեցինք ու ուրախացանք, բայց ինչ իմանայինք, որ այդ ամենը 2-3 ամիս կտևի։ Հիմա արդեն 6-րդ ամիսն է լրանում՝ աշխատանքները տեղում դոփում են։ Էլ չենք ասում, որ փոշին խեղդում է մեզ։ Չգիտենք, երևի թե նորից դիմենք ծայրահեղ միջոցի ու այդ ամենը նաև փոխանցենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը գոնե միջամտի, որ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները ավարտին հասցնեն»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, տարբեր տարիների, իսկ վերջին անգամ 2025 թվականի ապրիլի 15-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել, որով վարորդների խնդրանքն էինք փոխանցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի քաղաքապետարանը վերջապես ինչպես խոստացել էր Արին Բերդի փողոցում, որը մի քանի կիլոմետր էր, կատարեր ասֆալտապատման աշխատանքներ ու վարորդներին փրկեր ամեն օր ավտոմեքենաներ ջարդելու արատավոր երևույթից։

Անգամ վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել, երթևեկությունը կաթվածահար էին արել ու դեպքի վայր էր ժամանել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը և վարորդներին տեղեկացրել էր, թե Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ օրերի ընթացքում ճանապարհաշինարարները կսկսեին ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Վարորդները միամտորեն հավատացել էին թաղապետին ու դադարեցրել էին բողոքի ակցիան։

Ցավոք, կարճ ժամանակ անց վարորդները համոզվել էին, որ թաղապետը հերթական փափուկ բարձ էր դրել իրենց գլխի տակ ու նորից շարունակել էին իրականացնել բողոքի ակցիա, որից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ կառավարությունը, ընդառաջելով բազմահազարանոց վարորդների ու քաղաքացիների խնդրանքին, նշված ճանապարհը հիմնովին վերանորոգելու համար հատկացրել էր 1 միլիարդ դրամ, ու հաշված օրերի ընթացքում վարորդներն ականատես կլինեին, թե ինչպես էին ճանապարհաշինարարները մեծ թափով գործի անցել։

Այս անգամ վարորդներն ու քաղաքացիները նորից հավատացել էին ու դադարեցրել իրենց հետագա բողոքի ակցիաները։ 

Տևական ժամանակ SHAMSHYAN.com-ը հարյուրավոր վարորդներից ահազանգեր էր ստանում, ովքեր հայտնում էին, որ սկսելու են բողոքի զանգվածային ակցիաներ, քանի որ անգամ Արայիկ Հարությունյանի խոսքը գործ չէր դարձել։

Ապրիլի 28-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ասել էին. 

«Հենց հիմա նորից մեզ խաբված զգացինք։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն էնպիսի մի լուրջ հայացքով մեզ կուտ տվեց, որ ասելու չէ։ Հիմա ի՞նչ եղավ այդ 1 միլիարդը։ Երևի կամ տեղ չհասավ, կամ էլ Նաջարյանը փոշմանեց։ Երկու դեպքում էլ տուժեցինք մենք՝ վարորդներն ու քաղաքացիները։ Ամեն օր հարյուրավոր մեքենաներ են այստեղով անցնում ու ամեն օր փոսերի, այդ թվում՝ մարդաբոյ, մեջ ընկնելով ամենաքաղցր խոսքերն ենք ուղղում պատասխանատուներին։ Հենց հիմա տրամադրված ենք վերսկսել մեր բողոքի ակցիաները։ Էլ չենք հավատում ոչ թաղապետին, ոչ քաղաքապետին, ոչ կառավարության աշխատակազմի ղեկավարին, մնում է հենց ուղիղ դիմենք Նիկոլ Փաշինյանին ու ասենք, որ էս Արին Բերդի փողոցը եկեք փոխենք, անունը դնենք Թրամփի փողոց, գուցե այդ ժամանակ Արայիկ Հարությունյանի ասած 1 միլիարդը տեղ հասնի ու սկսվի 30 տարուց ավելի էս ավերակ ճանապարհի հիմնանորոգումը»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր