Արտակարգ դեպք՝ Երևանում․ պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում, որն այնուհետև բռնվել է, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից, կա վիրավոր, ում Երևանի շտապ բուժօգնության բուժանձնակազմը տեղափոխել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արզումանյան 3/3 շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապ բուժօգնության հերթապահ բուժանձնակազմը տեղում մեկ հոգու անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Գարիկ Ավետիսյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Մանուկյանն ու կրտսեր պարեկ Անժելա Մերգելյանը։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոխրի վերածված ավտոմեքենայի, հրդեհի հարևանությամբ կայանված ու ջերմահարված «Kia» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունները։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մոտ 200-300 մետրից լսել են պայթյունի ձայնը, ապա մոտեցել և տեսել, թե ինչպես է ավտոմեքենան վառվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 42-ամյա Մհեր Մանուկյանն է
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։