211652_close_icon
views-count478 դիտում article-date 10:19 28-10-2026

Քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին։ Քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ծրագրերի իրականացման տարբեր փուլերում ծագող խնդիրներին և համատեղ լուծումների մշակմամբ խոչընդոտների վերացման հնարավորություններին։ 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ կոմիտեի առաջնահերթություններից են քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցումը և թվայնացումը, որոնք կնպաստեն ներդրումային ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը։ Մասնավորապես՝ ներդրվել է պարզեցված ընթացակարգ հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության համար։ Դիտարկվում է նաև ներդրումային ծրագրերի դեպքում պարզեցված մոտեցման հնարավորությունը։ Իսկ առաջիկայում նախատեսվում է գործարկել նպատակային նշանակության փոփոխության թվային հարթակ։ 

Գոհար Աբաջյանը կարևորել է թվային հարթակի միջոցով ներդրողների համար հստակ, կանխատեսելի և թափանցիկ ընթացակարգերի ապահովումը՝ ընդգծելով ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում ծագող խնդիրների օպերատիվ լուծման և պետական կառույցների միջև արդյունավետ համագործակցության նշանակությունը։

Հանդիպմանը կարևորվել է նաև գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանումը, միաժամանակ նշվել է, որ բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի թվայնացման շնորհիվ ներդրողներն ու քաղաքացիները հստակ պատկերացում կունենան հողամասերի կառուցապատման հնարավորությունների և սահմանափակումների  վերաբերյալ։ 

Որոշվել է համագործակցել՝ ոլորտային բարեփոխումների մշակման ընթացքում հիմնադրամի առաջարկները հաշվի առնելու և ներդրումային ծրագրերի իրագործման ընթացքում ծագող հարցերն ուսումնասիրելու ուղղությամբ։

Քաղաքաշինության կոմիտե
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր