211652_close_icon
views-count673 դիտում article-date 12:59 26-10-2026

Աջափնյակի Վշտունի փողոցում երկար ու ձիգ տարիներ է՝ տիրում է գարշահոտ և հակասանիտարական վիճակ․ բնակիչներն ասում են․ «Տիգրան Ավինյանի մի թագավորական հրովարտակից հետո թաղապետը, որ արդեն հայտնի է որպես բուտկա քանդող, էս խնդիրը կլուծի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Տևական ժամանակ է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Վշտունի փողոցի բնակիչները չեն կարողանում հստակ պատասխան ստանալ ոչ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանից, ոչ էլ «Վեոլիա ջուր» ընկերությունից, քանի որ մեկը մյուսի վրա է գցում, թե ով պետք է փողոցում ամիսներ շարունակ խմելու ջրի և կոյուղատար խողովակների վնասման պատճառով վերացնի գարշահոտը։

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Նախ երկար տարիների պատմություն ունի այս խնդիրը ու ամեն անգամ թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» մեկը մեկի վրա են գցում պատասխանատվությունը։ Արդեն հոգնել ենք այդ երկու կառույցներից։ Թաղապետը, որ ակտիվորեն Շինարարների փողոցը մաքրում էր, ըստ իրեն, ապօրինի կրպակներից, հուսով ենք նման փութաջանությամբ նաև այս խնդիրը կլուծի։ Բայց թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» կարծես թե ձեռքները լվացել ու քաշվել են մի կողմ։ Ամբողջ տարածքում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, էլ չենք ասում, որ խմելու ջուրն ամիսներով կորչում է, իսկ «Վեոլիա ջրին» դա չի էլ մտահոգում։ Հետաքրքիր է, որպես սպառող, մի լիտր ավել ջուր գողանայինք, մեզ «Վեոլիա ջուրը» կսարքեր ազգի թշնամի։ Հիմա որ էս ջուրը տոննաներով կորչում է, մենք «Վեոլիա ջրին» ի՞նչ անուն տանք։ Սկզբից ասում էին, թե մերն է, կգանք, խնդիրը կվերացնենք, բայց հետո չգիտես ինչ անցավ մտքներով, որոշեցին, որ դա իրենց գործը չէ, այլ թաղապետարանինը։ Թաղապետարանն էլ ասում է մերը չէ, «Վեոլիա ջրինն» է, լրիվ «Շունն ու կատուն», լրիվ «ուրբաթ օրը համեցիր, տար» վիճակ։ Դրա համար դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ գոնե ինքը մի թագավորական հրովարտակ արձակի ու վստահ ենք՝ թաղապետը «Վեոլիա ջրի» հետ խնդիրը կլուծեն»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր