211652_close_icon

Երևանի Բաշինջաղյան 171 հասցեում տեղադրված՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների խաչքարի ու պուրակի տարածքում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ. Աջափնյակի թաղապետին ու «Վեոլիա ջրին» դա չի հուզում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1387 դիտում article-date 17:40 27-09-2025
2022 թվականի հուլիսի 30-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 171 հասցեում գտնվող շենքի բակում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված , լեգենդ դարձած հերոսներ՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Սերգեյ Վարդանյանի, կամավորական Արտակ Մարգարյանի, ժամկետային զինծառայողներ Գևորգ Օթարյանի և Վահե Կարապետյանի հիշատակը հավերժացնող խաչքարի հանդիսավոր բացումը:

Անցել է արդեն 3 տարի, և այդ վայրը թե՛ հերոսածին մայրերին, թե՛ արցախյան բոլոր պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների ծնողների, ընկերների համար դարձել է սրբության սրբոց. հաճախ այցելում են այնտեղ, ծաղիկներ խոնարհում խաչքարին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տևական ժամանակ է այդ հերոս տղաների հիշատակը հավերժացնող հարակից տարածքում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։ Խաչքարի հետնամասում գտնվող շենքի բակով անցնող կոյուղատարը վնասվել է ու ամբողջ կեղտաջուրն ու դրա հոտը ոչ միայն տարածվում են շենքի բակում, այլ նաև հասնում այդ սուրբ տղաների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։

Ամբողջ խաչքարին հարակից վայրը պատված է կեղտաջրով ու գարշահոտությամբ։

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը արդյոք տեղյա՞կ է, որ մեկ ամսից ավելի է իր ղեկավարած վարչական շրջանում ոչ ավել, ոչ պակաս իրենց կյանքը հանուն հայրենիքն նահատակած հերոսների խաչքարի տարածքը նման վիճակում է գտնվում։

Մի՞թե թաղապետը չի կարող կամ անզոր է «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որ գոնե այս հատվածում հրատապ խնդիրը վերացնեն, հակառակ դեպքում հանրությունը չի հավատա այս չինովնիկների այն խոսքերին, ովքեր խաչքարերի բացումների ժամանակ ասում են, թե «տղե՛րք, ձեզ բացակա չենք դնի, ձեր գործը անմահ է»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2022թ․ հուլիսի 30-ին Երևանի Աջանփյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 171 հասցեում գտնվող շենքի բակում տեղի էր ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատկված, լեգենդ դարձած հերոսներ՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Սերգեյ Վարդանյանի, կամավորական Արտակ Մարգարյանի, ժամկետային զինծառայողներ Գևորգ Օթարյանի և Վահե Կարապետյանի հիշատակը հավերժացնող խաչքարի հանդիսավոր բացումը:

Միջոցառմանը ներկա էին եղել հերոսների հարազատները, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի բարձրաստիճան սպաներ, հասարակական գործիչներ, մարտական և ծառայակից ընկերներ, հյուրեր։

Խաչքարը կառուցվել է բարերաներ Կարեն Գևորգյանի, Գեորգի Մխիթարյանի և Հովսեփ Իսկանդարյանի նախաձեռնությամբ, ովքեր հանդիսանում են անմահ հերոսների ընկերները:

Խաչքարի հանդիսավոր բացման պատիվը տրվել էր հերոսամայրերին։ Օրհնության կարգը տրվել էր Սրբոց նահատակաց եկեղեցու Տեր-Խորեն քահանա Մարուքյանին: Միջոցառումն ուղեկցվել էր երիտասարդ երգիչներ Դավիթ Աղասիի և Մխիթար Խնկոյանի, Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի սաների գեղարվեստական կատարումներով։

Միջոցառման ժամանակ Ֆիդայիներ ՈւՀԲՀԿ-ի կողմից հետմահու Սերգեյ Վարդանյանը պարգևատրվել էր «Ֆիդայապետ Անդրանիկ», Գևորգ Օթարյանը՝ «Տիգրան Մեծ»,Վահե Կարապետյանը՝ «Արտաշես նվաճող», Արտակ Մարգարյանը` «Գեորգ Չաուշ» մեդալներով, որը հերոսներին հանձնել են ՀԿ նախագահ Ս. Չիլինգարյանն ու փոխնախագահ Ռ. Բալայանը:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր