211652_close_icon
views-count337 դիտում article-date 15:44 10-11-2026

Տևական ժամանակ է Շենգավիթում՝ ժողովրդին հայտնի «Չարբախի փոսում», տիրում է գարշահոտ և հակասանիտարական վիճակ․ «Վեոլիա ջուրն» ասում է նախկինում խնդիրը լուծել է բարի կամքի շնորհիվ, նախկին և ներկա թաղապետերն էլ արջի նման 7 երգ են երգում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Տևական ժամանակ է՝ Շենգավիթ վարչական շրջանի՝ ժողովրդին ավելի հայտնի «Չարբախի փոսի» Հովհաննիսյան, Պոպովի, Մարկվարտի փողոցներում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, ինչը ոչ թե նոր է, այլ երկար ու ձիգ տարիների պատմություն ունի։

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերության և Շենգավիթ վարչական շրջանի նախկին ու ներկա ղեկավարների հասցեներին՝ ասելով.

«Տպավորություն է, թե էս թաղապետարանում նստած չինովնիկները միայն մտածում են իրենց «թափանները» լցնելու մասին։ Ո՞վ է տեսել 21-րդ դարում 20 տարուց ավելի էս խնդիրը չկարողանան լուծել։ Կոյուղատարերի խցանման պատճառով դիտահորերից կեղտաջուրը ողջ պարունակությամբ դուրս է գալիս ու իրենով անում փողոցներ, տներ, լցվելով անգամ նկուղներ։ 20 տարի է ընտրությունից ընտրություն դատարկ խոստումներ ենք ստանում ու 20 տարի է տպավորություն է, թե Շենգավիթի թաղապետարանը 7 երգ գիտի, 7-ն էլ արջի մեղրի մասին։ 20 տարում ինչ թաղապետ փոխվեց, սկզբից գալիս ու անգամ տղամարդու խոստում էին տալիս, բայց հաջորդ օրն էդ խոստումները հօդս էին ցնդում։

«Վեոլիա ջուրը» մի քանի անգամ մեր խնդրանքով ժամանել ու խցանումը վերացրել է, բայց հետո նորից նույն պատկերն է։ 

Արդեն 10 օր է զանգահարում ենք «Վեոլիա ջուր», մեզ պատասխանում են, թե իրենք էդտեղ անելիք չունեն, իսկ եթե մի քանի անգամ եկել ու խցանումը բացել են, ապա դա իրենց կողմից բնակիչներին բարի կամքի դրսևորում է եղել։ Հետաքրքիր է, կարո՞ղ է մենք որ վճարումներ ենք կատարում «Վեոլիա ջրին», դա էլ է բարի կամքի դրսևորում։ Հիմա չգիտենք՝ որ կառույցը պետք է էս գարշահոտը վերացնի, չէ որ կա նաև վտանգ, որ հնարավոր է վարակ առաջանա։

Շենգավիթի թաղապետարանի վրա էլ հույս չենք ուզում դնել։ Բոլոր նախկին ու ներկա թաղապետերը միայն դատարկ խոստումներ տան։ Երևի թե դիմենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հակառակ դեպքում արդեն մոտ 1500-ից ավելի բնակիչների համբերության բաժակը լցվել է, կդիմենք կտրուկ միջոցների՝ փողոցներ փակելով, որպեսզի պատասխանատուները հասկանան, որ մեր տված վճարումներով են նախ իրենք աշխատավարձ ստանում և իրենք էլ պարտավոր են էս վիճակից բնակիչներին դուրս բերել»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր