211652_close_icon
views-count1147 դիտում article-date 20:52 11-08-2026

Նուբարաշենից Բարձրաշեն տանող ճանապարհն արդեն բաց է. վարորդները շնորհակալություն են հայտնում կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին և ՀԷՑ-ին՝ ասելով. «30 տարի է էդ մահաբեր ճանապարհով անցնում էինք՝ հույսներս դնելով Աստծո վրա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Արդեն մի քանի օր է՝ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել է Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող, ժողովրդի կողմից «մահաբեր» անունն ստացած ճանապարհը, որը սովետական ու վերջին 30 տարիներին վարորդների համար դարձել էր պատուհաս։ Նշված հատվածում անընդհատ տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, ցավոք, նաև ողբերգական ելքով, ու պատճառը ճանապարհի որոշ հատվածի սողանքային լինելն էր ու փոսերը, այդ թվում՝ մարդաբոյ։

SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հրապարակումներ էր արել և ՀՀ կառավարությանն ու Երևանի քաղաքապետարանին էր փոխանցել վարորդների խնդրանքը, որպեսզի այն հիմնանորոգվի։

Երկար ու ձիգ 30 տարիներ քաղաքացիները միայն դատարկ խոստումներ էին ստանում։ Բայց վերջին տարիներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջամտության արդյունքում սայլը տեղից շարժվեց։ 

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արդեն նշված հատվածում երթևեկությունը բացվել է, սակայն դեռ ճանապարհաշինարարները անելիք ունեն. ճանապարհի որոշ հատված դեռ ասֆալտապատ չէ, քանի որ էլեկտրալարեր են անցկացվելու, ինչից հետո այդ հատվածը նույնպես կասֆալտապատվի։

Մեծ աշխատանք են տարել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները, ովքեր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ այդ հատվածում հեռացրել են փտած, ամեն պահի տապալման եզրին գտնվող էլեկտրասյուները՝ փոխարինելով նոր բետոնե էլեկտրասյուներով։

Հիմա արդեն երթևեկությունն ամբողջությամբ բաց է։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Հատուկ շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որ վերջապես մեր աչքը տեսավ էս ճանապարհի հիմնանորոգված լինելը։ Առաջ մի ավտոյով վախենում էինք անցնել, նամանավանդ գիշերային ժամերին։ Բայց հիմա, շնորհիվ կառավարության ու Երևանի քաղաքապետարանի, ճանապարհը դարձել է ավելի անվտանգ։ Հիմա հանգիստ կարող են երկու բեռնատարներ աջ ու ձախ երթևեկել ու էլ չենք մտածի, որ էն հին, փլված, փոսերով հարուստ ու սողանքի տակ գտնվող ճանապարհով անցնելիս թեքված էլեկտրասյուները չեն տապալվի մեր վրա»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ Նուբարաշեն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենից Բարձրաշեն, Զովաշեն տանող ճանապարհին աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին անբարենպաստ եղանակի պատճառով։ 

Ճանապարհին բետոնե հենապատ կառուցող աշխատակիցներն անգամ շաբաթ և կիրակի օրերին էին աշխատանքներ իրականացրել, երբ եղանակը եղել էր բարենպաստ։ Մինչդեռ որոշ քաղաքացիներ նեղսրտել էին, թե աշխատանքները դանդաղում են՝ չպատկերացնելով, որ պատճառը հորդառատ անձրևն ու կարկուտն էին։

Անձրևների դադարելուն պես Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ նորից ճանապարհաշինարարները գործի պիտի անցնեին։ 

Ճանապարհի հենապատի կառուցման աշխատանքների կարելի է ասել հիմնական մասն արվել էր։ Մնացել էր մի քանի մետր հենապատի բետոնապատումը և այդ հատվածում հողային շերտի լցման աշխատանքները, իսկ հետո ճանապարհը լցվելու էր խճաքարով, իսկ հետո երեք շերտով ասֆալտապատում էր արվելու։ Մինչ այդ անցկացվելու էին նոր ջրահեռացման ու խմելու ջրերի խողովակներ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհաշինարարները նշել էին, որ եթե բարենպաստ եղանակը պահպանվի, կարճ ժամանակում երկար սպասված հիմնանորոգված ճանապարհը ամուր հենապատով կհանձնվի շահագործման։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 14-ին ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ վերսկսվել էին Նուբարաշեն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող ճանապարհի հենապատի կառուցման շինարարական աշխատանքները։

Աշխատանքները սկսվել էին նախորդ տարի և մեծ թափով առաջ էին ընթանում, սակայն անբարենպաստ եղանակի, տեղացած առատ ձյան ու հորդառատ անձրևների պատճառով այն ժամանակավորապես դադարեցվել էր։

Արդեն ամբողջությամբ պատրաստ էր հիմքի և հենապատի 1 շարքը, որի երկարությունը անցնում էր 12 մետրը, իսկ երեկվանից սկսվել էր, ինչպես շինարարներն էին նշում, 2-րդ, հետո 3-րդ և 4-րդ հարկերի հենապատերի բետոնապատումը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օրեր առաջ աշխատանքային ժամից հետո նշված վայր է ժամանել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ համապատասխան վարչությունների պետերի հետ, և տեղում ուսումնասիրել է կատարված աշխատանքները։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Նուբարաշենից դեպի Արարատի մարզի Բարձրաշեն, Զովաշեն, Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ տանող ճանապարհի Նուբարաշենի վարչական տարածքում վերսկսվել էին ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնք մեկ ամիս դադարել էին՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
աշխատանքները դադարեցվել էին առատ ձյան պատճառով, քանի որ այդ պայմաններում աշխատանքները կլինեին ոչ արդյունավետ։

Փետրվարի 17-ին «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի աշխատակիցները վերսկսել էին աշխատանքները, և իրականացնում էին բետոնե պատնեշի հենապատի կառուցման աշխատանքները, որտեղ տեղադրվում էին հատուկ կոնստրուկցիաներ, որոնց մեջ այնուհետև տեղադրվելու էին հատուկ ջրահեռացման համար պլաստմասե ջրախողովակներ, որի միջով կուտակված անձրևաջրերը դուրս էին  թափվելու, որպեսզի հենապատի և հիմքի ամրությունը չթուլանար և փլուզումներ տեղի չունենային։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր