211652_close_icon
views-count1513 դիտում article-date 15:59 17-07-2026

Մինչև Տիգրան Ավինյանը չցուցաբերեց խիստ մոտեցում, «Վեոլիա ջուրը» չհիշեց, որ իր արած գործը պիտի ավարտին հասցնի. վարորդների համար պատուհաս դարձած դիտահորը փոխեց, ապա կատարեց ասֆալտապատում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը հուլիսի 15-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Հաղթանակի կամուրջ տանող ճանապարհին օրեր շարունակ փլուզված դիտահորի վերաբերյալ, որն անհարմարություններ էր պատճառում վարորդներին և ստեղծում էր արհեստական խցանում։ Շատ դեպքերում էլ վարորդներին պատճառում էր նյութական վնաս, երբ ավտոմեքենաները հայտնվում էին փոսում։ Իսկ «Վեոլիա ջուրը», որը պետք է աշխատանքն ավարտին հասցներ, փոխեր դիտահորն ու կատարեր ասֆալտապատում, ոչինչ չէր անում, ինչի պատճառով քաղաքացիների մոտ տպավորություն էր ստեղծվում, որ մեղավորը Երևանի քաղաքապետարանն է։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խիստ հանձնարարականով քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը կապ է հաստատել «Վեոլիա ջուր» ընկերության հետ ու փոխանցել քաղաքապետի խոսքը, որ ժամերի ընթացքում թերությունը «Վեոլիա ջուրը» պարտավոր է վերացնել, հակառակ դեպքում այդ ընկերության նկատմամբ կկիրառվի վարչական վարույթ։ Եվ միայն դրանից հետո «Վեոլիա ջուրը ժամերի ընթացքում փոխեց փլուզված դիտահորի բետոնե հատվածը, կափարիչը, ապա կատարեց խճաքարի լցում, իսկ հետո՝ ասֆալտապատում։

Վարորդները, տեսնելով, որ վերջապես «Վեոլիա ջուրը» թերությունը վերացրեց, ասում էին.

«Ասա՝ որ պիտի անեք, ինչի եք կիսատ թողնում ու դրա պատճառով մարդկանց համար անհարմարություններ ստեղծում ու դրան գումարած ավտոմեքենաները հայտնվել են, հիմնականում երեկոյան ժամերին, այդ փոսում ու հսկայական վնասներ են կրել։ Ասում եք՝ Եվրոպա ենք գնում։ Եվրոպայում նման անպատասխանատու ձևով չէին աշխատի, իսկ վստահ ենք, եթե քաղաքապետ Տիգրան Ավինյանը խիստ մոտեցում չցուցաբերեր, սա երևի մայրաքաղաքում հարյուրավոր նմանատիպ փոսերի նման լուծում չէր ստանա։ Էլի շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին, որ «Վեոլիա ջրին» պարտավորեցրեց լավ գործն ավարտին հասցնեն»։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 15-ին Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Արգիշտի փողոց, Հաղթանակի կամուրջ տանող ճանապարհին դիտահորը մի քանի օր է վարորդների համար դարձել էր «Ֆորտ Բոյար» ներս մտնելու ճանապարհ։

Զարմանալի էր, որ Երևանի քաղաքապետարանից մի քանի հարյուր մետր հեռու գտնվող այդ տարածքում ոչինչ չէին ձեռնարկել խոտանը վերացնելու համար, իսկ այն պետք է օր առաջ վերանորոգվեր, ինչի շնորհիվ նաև խցանումների հարցը կլուծվեր։

Որքան էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեր, որ քաղաքային իշխանությունները պայքարում են խցանումների դեմ, լավ կլիներ, որ հենց իր նստավայրի հարևանությամբ առաջացած խցանման աղբյուրի դեմն առնեին։

Եթե ցերեկային ժամերին հատուկենտ էին ավտոմեքենաները հայտնվում այդ դիտահորում, ապա մութն ընկնելուն պես ավելանում էր ավտոմեքենաների թիվը։ Երբեմն էլ վարորդները, շրջանցելով փոսը, դառնում էին ավտովթարի մասնակից։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր