211652_close_icon
views-count1726 դիտում article-date 12:15 07-06-2026

Սպիտակում ոչ սթափ վիճակում գտնվող ՀՀ ՊՆ զինծառայողը բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ, որին ականատես են եղել անչափահաս երեխաները․ տուժածի հարազատներն ասում էին՝ պարեկները և համայնքային ոստիկանները չլինեին, հնարավոր է կնոջը զրկեր կյանքից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի ծառայողների հետ՝ բաժնի պետ Գրիգոր Քոչարյանի գլխավորությամբ, Լոռու մարզում կանխել են հաշվեհարդարը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Լոռու մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ ժամը 18:50-ի սահմաններում Սպիտակ խոշորացված համայնքի Հարթագյուղ բնակավայրի ճանապարհին՝ «Սուրբ Հովհաննես» մատուռից դեպի Վանաձոր տանող հատվածում, տղամարդը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում ծեծի է ենթարկում մի կնոջ։

Պարեկներն ու համայնքային ոստիկանները մեկնում են նշված վայր և դեպի Վանաձոր ընթացող ճանապարհին հայտնաբերում են նշված «Mercedes»-ը, և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Տեղում պարզվում է նաև, որ մարմնական վնասվածքներ ստացած կին կա, ում ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ պարեկներ Ռազմիկ Գրիգորյանն ու Արտյոմ Զարգարյանը, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Հրաչյա Մխիթարյանի և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Էդգար Պողոսյանի հետ, օգտագործելով պարեկային ավտոմեքենայում եղած դեղատուփից անհրաժեշտ պարագաները, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերում, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Տեղում պարեկներն ու համայնքային ոստիկանները հայտնաբերում են նաև «Mercedes»-ի վարորդին, ում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Սպիտակի բաժին։

Նրան դեպքի վայրից մեծ դժվարությամբ, քանի որ չի ենթարկվել պարեկների և համայնքային ոստիկանների բաժին հրավիրվելու պահանջին, ոստիկանություն են տեղափոխել կրտսեր պարեկներ Աղվան Ասլամազյանն ու Վաչագան Իշխանյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բերման ենթարկված տղամարդը մարզերից մեկի բնակիչ 31-ամյա Տ. Ղ.-ն է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվում է՝ գտնվելիս է եղել ու ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։

Իսկ նրա կողմից ծեծի ենթարկվածը նույնպես մարզերից մեկի բնակիչ 27-ամյա Ա․ Զ.-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ծեծված կնոջ հարազատները ասում էին. «Ուզում ենք շնորհակալություն հայտնել Սպիտակի պարեկներին ու ոստիկաններին, քանի որ ամուսինը ոչ սթափ էր, ու կինը դիտողություն է արել, որ պետք չէ խմած մեքենա վարել, ինչից հետո քրոջ և 2 մանկահասակ երեխաների ներկայությամբ ամուսինը սկսել է հայհոյանքներ տալ կնոջ հասցեին, ապա ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածների, իսկ հետո կանգնեցրել է ավտոմեքենան, կնոջը քաշքշելով դուրս է հանել ավտոմեքենայից, գցել գետնին ու նորից սկսել հարվածներ հասցնել մարմնի տարբեր հատվածներին։ Ու եթե պարեկներն ու ոստիկանները ժամանակին չհասնեին, հնարավոր է ոչ ադեկվատ վիճակում գտնվող ամուսինը կնոջը կյանքից զրկեր ու ցավալի էր, որ այդ ամենը նա անում էր 2 անչափահաս երեխաների ներկայությամբ»։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր