211652_close_icon
views-count352 դիտում article-date 14:28 07-05-2026

ԹՐԻՓՓ-ի իրագործումն անխուսափելիորեն տեղի է ունենում և տեղի է ունենալու. վարչապետ

Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի ընթացքում 5 ընկերությունների փոխանցվեց մտադրությունների հուշագիր, սա նշանակում է նոր ֆինանսական ներդրումների, նոր շուկաների, նոր պատվերների հնարավորություն։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նոր համագործակցություններին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հաջորդը. Ֆրանսիայի հետ մենք շատ կարևոր թուղթ ստորագրեցինք՝ Բարգուշատ թունելի կառուցման կապակցությամբ։ Այստեղ մենք կրկնակի էֆեկտ ենք սպասում։ Նախ ուզում եմ արձանագրել և բոլորիս շնորհավորել, որ Հյուսիս-հարավն արդեն միս ու արյուն է ստանում՝ Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է, հարավից մեծ տեմպերով շինարարություն է գնում։ Ուզում եմ հիշեցնել, որ երկար տարիներ մենք նոր թունել չենք կառուցել՝ երևի մի 40 տարի թունել չենք կառուցել, Դիլիջանի թունելն արդեն փորված է եղել, ներսի հարդարման աշխատանքներն են իրականացվել»,- նշեց Փաշինյանը։ 

«Ամենակարևոր բաներից մեկը՝ ԵՄ-ը հայտարարություն է ընդունել՝ ներդրողներին կոչ անելով ներդնել ՀՀ-ում. սա նշանակում է նոր բիզնես հնարավորություններ ՀՀ բոլոր ընկերությունների համար։ Կառավարության նիստում մենք ընդունեցինք. գինու հետ կապված միջազգային մեծ միջոցառում է տեղի ունենալու, որտեղ նաև ներդրումային քննարկումներ են տեղի ունենալու։

Նաև ներդրումների և տնտեսական պլանը՝ 2.5 մլրդ եվրոն, որի մոտավորապես 600 մլն-ն իրականացվել է, բայց մենք դեռ 2 մլրդ-ի ռեսուրս ունենք: Պետք է հասկանալ, որ այդ գումարներին պետք է համապատասխանեցնեն բիզնեսները իրենց ծրագրերը և ստանդարտները։ Սրան գումարենք զբոսաշրջիկների աննախադեպ մեծ հոսքը, սրան գումարենք նաև տնտեսական միջավայրը, բարձր աճերը. ահռելի հնարավորություն կա»,- ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց նաև ԹՐԻՓՓ նախագիծը։ «Առաջիկայում սպասվող ԹՐԻՓՓ-ի նախագիծը և ԹՐԻՓՓ-ի իրագործումը, որն անխուսափելիորեն տեղի է ունենում և տեղի է ունենալու, սրան զուգահեռ՝ ԵՄ-ն. մենք նաև ԵՄ-ի հետ քննարկում ենք Հայաստանի հյուսիսով ճանապարհային եղած երթուղիների զարգացման հնարավորությունը։

Արևելքից Արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է ՀՀ-ով, և եվրահանձնաժողովի նախագահը դրա մասին ասաց. հիմա խաղաղության միջավայրում դա տրիլիոնների կապիտալ է Հայաստանի համար։ Այս բոլոր հնարավորությունները իրացնելու համար մեզ պետք է մի բան, մեզ պետք է, որպեսզի ունենանք բավարար կարողություններ՝ այդ հնարավորությունները հասկանալու համար, իսկ դրա համար մեզ պետք  է մի ուղղությամբ շրջադարձային փոփոխություններ անել մեր երկրում, և այդ ուղղությունը կրթությունն է, և դա է պատճառը, որ մենք կրթությունը հայտարարել ենք ռազմավարությունների ռազմավարություն»,- ասաց վարչապետ Փաշինյանը։ 

Նմանատիպ նյութեր