211652_close_icon
views-count1960 դիտում article-date 19:53 22-03-2026

Հերթական արտակարգ դեպքը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկում. իրավապահները փնտրում են «Միլիցեքի բանտից» բացակայող 30-ամյա դատապարտյալին

Այսօր՝ մարտի 22-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որն ավելի շատ հայտնի է «Միլիցեքի բանտ» անվամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07։00-ի սահմաններում քրեակատարողական հիմնարկի ծառայողները շրջայցի ընթացքում նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող դատապարտյալը բացակայում է կացարանից և, ըստ քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, նա հեռացել է կացարանից։

Դեպքի մասին քրեակատարողական ծառայությունից տեղեկությունը փոխանցվել է նաև ՀՀ Ներքին գործերի նախարարություն, և հիմա համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով քրեակատարողական ծառայությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է, ով դատապարտվել է ՀՀ քր. օր.-ի 194-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այս տարվա փետրվարի 18-ից գտնվում էր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր